Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը երկարացվել է. նա նիստին չի մասնակցել
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ երկու ամսով երկարացրել է ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ, Նորք-Մարաշում վնասազերծված «հանցավոր խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը։
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ առողջական վիճակի պատճառով Վահան Շիրխանյանը չի մասնակցել դատական նիստին։ Փաստաբանն ասաց, որ այս որոշումը վիճարկելու է, իսկ պարոն Շիրխանյանի առողջական վիճակին անդրադառնալով՝ նշեց, որ այն գնալով վատթարանում է։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը ձերբակալվել էր 2015թ. դեկտեմբերի 19-ին։ Նա կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ, նախատեսված` ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: