Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցում է Սերովի ցուցահանդեսի ռեկորդը
Տրետյակովյան պատկերասրահում կազմակերպված Հովհաննես Այվազովսկու ցուցահանդես ավելի շատ մարդ է այցելել, քան Վալենտին Սերովի ցուցահանդես՝ բացվելու պահից սկսած: Այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին:
«Այվազովսկու ներկայիս ցուցահանդեսը, որն ընթանում է արդեն երկու շաբաթ, միջին վիճակագրական հաճախելիությամբ գերազանցել է Սերովի նշանավոր ցուցահանդեսը:
Օգոստոսի 10-ին վաճառվել է հարյուրհազարերորդ տոմսը, օգոստոսի 11-ին այդ թիվն արդեն անհամեմատ ավելի մեծ է, եւ Տրետյակովյան պատկերասրահը քիչ բան չի անում, որպեսզի ճիշտ կազմակերպի այցելությունը ցուցահանդես»,-ասել է նա:
Ինչպես հայտնել է Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան, ներկայում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է գրեթե 55 հազար մարդ՝ միջին հաշվով օրական 5 հազար մարդ՝ 4,5 հազարի դիմաց՝ Սերովի ցուցահանդեսի համապատասխան ժամանակաշրջանում:
Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որտեղ կարելի է տեսնել նրա 150 կտավներ եւ 55 գրաֆիկական ստեղծագործություններ, բացվել է հուլիսի 29-ին: Հերթերից եւ հրմշտոցներից խուսափելու համար թանգարանում առաջին անգամ մտցրել են տոմսերի նախնական վաճառքներ ինչպես Համացանցի միջոցով, այնպես էլ տոմսարկղերում, եւ այցելուների քվոտավորում՝ ըստ սեանսների. կես ժամը մեկ ցուցահանդես կարող է մուտք գործել 250-ական մարդ, ցուցադրանքում գտնվելու ժամանակը սահմանափակված չէ:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսի արդեն գրեթե 109 հազար տոմս է վաճառվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: