Բաժիններ՝

Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով». Պավել Մանուկյանի նամակը

Հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը:

Ազգային հերոսը հայտարարեց, որ նախագահը մեծահոգի գտնվեց «Սասնա ծռերի» հանդեպ: Ազգային հերոսը նախագահ է համարում այն մարդուն, ով այդ գահին հասել է «տոկոսներ խփելով», ում պաշտոնավարման յուրաքանչյուր օր վտարանդի է դարձրել հարյուր հայ, ով երկիրը դարձրել է իր և իր մերձավորների բոստանը և հիմա էլ օտարի պարտադրանքով պատրաստվում է թշնամուն հանձնել հերոսամարտի արդյունքում ազատագրված տարածքները:

Հերոսը նախագահ է համարում մի մարդու, ով հայտարարում է, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», այսինքն, այդ հերոսը հարցականի տակ է դնում իր հերոսացման հանգամանքը՝ հավասարվելով վաստակավոր արտիստներին:

Հերոսի նպատակը պետք է լինի ժողովրդին կեղեքումից, թալանից, սպիտակ ցեղասպանությունից փրկելը, որպեսզի Հայը մնա Հայաստանում, որպեսզի հայերը հայրենադարձվեն: Հերոսը պետք է ականջալուր լինի ժողովրդի ըմբոստությանը, և ոչ թե դառնա չարիքի իշխանության դուդուկ – խոսափողը կամ ինչպես կասեին մեր մեծերը, գայլ կանչող շունը: Եւ, ամենևին էլ կարիք չկա մեր նկատմամբ մեծահոգություն ցուցաբերելու:

Մենք Հայրենիքի մարտիկներն ենք և դուրս ենք եկել հանուն նրա պայքարի:

Մեծահոգությունը թող ցուցաբերվի ժողովրդի նկատմամբ, որպեսզի Հայն իր բնօրրանում չդառնա դանդաղ մխացող փայտածուխ: Իսկ իմ հորդորը հետևյալն է. հերոսը պետք է լինի ազգի ցավերի բալասանը:

Սասնա ծուռ Պավել Մանուկյանի նամակը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս