Սիրիական Ռաքքա քաղաքը ռուսական ավիահարվածներից հետո զրկվել է ջրից
Սիրիայի Ռաքքա քաղաքը զրկվել է ջրամատակարարումից ռուսական ռմբակոծությունների հետևանքով, Twitter-ում հայտնել են «Ռաքքան սպանում են լռության մեջ» շարժման ակտիվիստները:
Նրանք հայտնում են, որ ռուսական ավիահարվածների թիրախը եղել են պոմպակայանները, ինչի հետևանքով քաղաքը զրկվել է ջրից:
ԴԱԻՇ-ի լրատվական գործակալություններից Amaq-ը ևս տեղեկացրել է, որ քաղաքն ու դրա արվարձանները զրկվել են ջրամատակարարումից:
Amaq-ը հայտնել է, որ ռուսական ավիահարվածների հետևանքով Ռաքքայում սպանվել է 27 մարդ, ևս 55-ն ստացել է վնասվածքներ:
«Ռաքքան սպանում են լռության մեջ» շարժման ակտիվիստները հայտնում են 20 քաղաքացիական զոհի և 50 վիրավորի մասին:
AFP-ն, հղում կատարելով Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների դիտորդական սիրիական կենտրոնին, հայտնում է նվազագույնը 30 սպանվածի և 70 վիրավորի մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական «Տու-22Մ3» ռմբակոծիչները բեկորա-ֆուգասային ռազմամթերքով հարվածներ են հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:
Նշվում է, որ ռուսական ավիացիան ոչնչացրել է զինյալների մարզման խոշոր դաշտային ճամբարը, ահաբեկիչների` զենքով-զինամթերքով և վառելիքով լի պահեստը, քիմիական ռազմամթերքի արտադրության գործարանը, ինչպես նաև մեծ թվով ահաբեկիչների: