Պուշկինի 25-ամյա հետնորդը դարձել է Մեծ Բրիտանիայի ամենաերիտասարդ միլիարդատերը. Bloomberg
Բրիտանացի Հյու Ռիչարդ Լուի Գրոսվենորը` Վեսթմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորի միակ որդին, հոր մահից հետո, ժառանգելով հանգուցյալ հոր կարողությունը, ընդգրկվել է Bloomberg-ի միլիարդատերերի ցանկում:
Աշխարհի 400 ամենահարուստ մարդկանց շարքում 25-ամյա դուքսը ամենաերիտասարդն է:
Հայտնի է, որ Հյու Գրոսվենորը ռուս բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի հետնորդն է մայրական գծով:
Դրամատուրգի փոքր դուստրը` Նատալյան, ամուսնացել էր գերմանացի արքայազն Նիկոլայ Վիլհելմ Նասաուի հետ:
Նրանց դուստրը` Սոֆյան, ամուսնացել էր մեծ դուքս Միխայիլ Միխայլովիչ Ռոմանովի հետ, որը Ռուսաստանի կայսր Նիկոլայ Առաջինի թոռն էր:
Անգլիայում բնակվող ամուսինների դուստրը` Անաստասիան, Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը դարձավ` ամուսնանալով ալմաստե մագնատ Հարոլդ Վագների հետ: Հենց նրանց դուստրը` Նատալյա Ֆիլիպսը, Հյու Գրոսվենորի մայրն է:
Գրոսվենորների ընտանիքը սերտորեն կապված է բրիտանական թագավորական ընտանիքի հետ: Ֆիլիպսը արքայազն Ուիլյամի կնքամայրն է: Իր հերթին, Հյու Գրոսվենորը արքայազն Ջորջի` արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլտոնի որդու, կնքահայրն է:
Հիշեցնենք, որ Վեստմինստերի վեցերորդ դուքս Ջերալդ Քավենդիշ Գրոսվենորը մահացել է օգոստոսի 9-ին 64 տարեկանում:
Վեսթմինստերի դուքսին ընդարձակ հողամասեր էին պատկանում Անգլիայի և Շոտլանդիայի հյուսիսում, ինչպես նաև 121 հեկտար մակերեսով հողամաս՝ Լոնդոնի ամենաթանկ թաղամասերից մեկում:
2016 թվականին Sunday Times թերթը դքսի կարողությունը գնահատել է 9,35 միլիարդ ֆունտ (12 միլիարդ դոլար), սակայն Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո նրա ակտիվների արժեքը գրեթե 1 միլիարդ դոլարով նվազել է: