ԱՄՆ-ում ձերբակալել են Trump Tower երկնաքեր մագլցող տղամարդուն
Նյու Յորքի ոստիկանությունը ձերբակալել Է այն տղամարդուն, որը փորձում էր պարանի եւ ծծիչների օգնությամբ մագլցել Մանհեթենի Trump Tower 58-հարկանի երկնաքեր, տեղեկացնում է BBC-ն:
Ոստիկանները բացել են լուսամուտը եւ «ժայռամագլցողին» շենքի ներս քաշել, երբ նա հասել էր 21-րդ հարկ:
Տղամարդը գրավել էր Նյու Յորքի հարյուրավոր բնակիչների ուշադրությունը, որոնք դիտում էին նրա «վերելքը» եւ լուսանկարում նրան իրենց շարժական սարքերով:
Նորությունների մի քանի ալիքներ ուղիղ եթերով ցուցադրել են արտասովոր ոստիկանական գործողությունը:
Trump Tower երկնաքերում է գտնվում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի շտաբը: Նա նաեւ ապրում է այդ շենքում, սակայն միջադեպի պահին նա Նյու Յորքում չի եղել:
Ոստիկանությունում չեն հայտնել տղամարդու անունը, սակայն նշել են, որ նա 20 տարեկան է եւ Վիրջինիայից է: Ոստիկանների խոսքով՝ նա ցանկանում էր ծանոթանալ Թրամփի հետ եւ, հավանաբար, չէր կամենում ոչ մեկին վնաս պատճառել:
Այս շաբաթ ավելի վաղ YouTube-ում հրապարակվել էր տեսագրություն, որտեղ տղամարդն իրեն համարում է «անկախ հետազոտող» եւ ասում, որ ցանկանում է «կարեւոր հաղորդում» փոխանցել Դոնալդ Թրամփին:
«Ժայռամագլցողին» տարել են հիվանդանոց հոգեկան հետազոտության համար: