«Կանգուն ենք, ինչպես մեր սարերը». «Միայնակ գայլ»
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, «Միայնակ գայլ» անունով հայտնի Արայիկ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը Մարդու իրավունքների պաշտպանին և քննիչին բողոք է ներկայացնելու:
Այսօր լրագրողների հետ զրույցում փաստաբանն ասաց, որ ձերբակալելու օրվանից առգրավվել են իր պաշտպանյալի ակնոցը: Պաշտպանի խոսքով՝ Արայիկ Խանդոյանը տեսողակակն խնդիրներ ունի, և դա անմարդկային վերաբերմունք է, անձը չի կարող միայնակ տեղաշարժվել:
«Տեսողական խնդիրներ ունի, առանց ակնոց չի կարող կարդալ, դիմում-բողոքներ ներկայացնելու իրավունքից զրկված է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ ակնոցը որևէ ապացուցողական նշանակություն քրեական գործի հետ կապված չունի. «Կարելի է ասել՝ ծիծաղելի է, որ այսօր իմ պաշտպանյալի ակնոցը առգրավվել են ու մինչ օրս չի վերադարձվում»: «Արայիկ Խանդոյանին տեսակցել եմ, ասում է՝ կանգուն ենք, ինչպես մեր սարերը»,- ազատամարտիկի խոսքերը փոխանցեց փաստաբանը: