«ԱՄՆ-ը զոհաբերում է Թուրքիային հանուն Գյուլենի». Բեքիր Բոզդաղ
Թուրքիան իրավունք ունի ԱՄՆ-ից ակնկալել 1999 թվականից Փենսիլվանիայում ապրող Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնումը: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
«ԱՄՆ-ը և Թուրքիան երկու բարեկամ, դաշնակից երկրներ են: Սպասել, որ նրանք կարտահանձնեն Գյուլենին, մեր իրավունքն է: Եթե նրանք դա չանեն, ապա կզոհաբերեն Թուրքիային` հանուն ահաբեկիչների»,- ասել է նա:
Թուրք նախարարը հայտնել է, որ Վաշինգտոն է ուղարկվել 4 թղթածրար, որոնք վերաբերում են Գյուլենի արտահանձնմանը, ում Թուրքիայի իշխանությունները մեղավոր են համարում հուլիսի 15-ի հեղաշրջման համար:
«Մենք պահանջել ենք նրան ժամանակավորապես ձերբակալել և կալանավորել»,- հավելել է Բոզդաղը:
Նրա խոսքով` «աշխարհի ոչ մի երկիր չի կասկածում, որ պետական հեղաշրջման փորձն իրականացվել է Գյուլենին ենթարկվող զինվորականների կողմից»:
«Այդ մասին գիտեն աշխարհի բոլոր հետախուզական ծառայությունները: Այդ մասին գիտի Եվրոպան: Մեր ուղարկած թղթածրարում կան ապացույցներ, որ հեղաշրջման հետևում կանգնած է անձամբ Գյուլենը»,- հայտարարել է թուրք նախարարը` նշելով, որ «այդ մարդուն արտահանձնել-չարտահանձնելու հարցը քաղաքական է»:
Նա նաև տեղեկացրել է, որ նամակ է ուղարկել ԱՄՆ-ի իշխանություններին` առաջարկելով մասնագետներին փոխայցելությունների միջոցով վերլուծել Գյուլենի արտահանձնման հարցը, սակայն «պստասխան այդպես էլ չի հնչել»: