«Ադրբեջանն այսօր պատերազմը վերսկսելու ավելի լուրջ և կարևոր պատճառներ ունի, քան ապրիլից առաջ»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ Ադրբեջանն այսօր պատերազմը վերսկսելու ավելի լուրջ եւ կարեւոր պատճառներ ունի, քան ապրիլից առաջ:
«Ինչու: Որովհետեւ ապրիլյան պատերազմում Ադրբեջանը կորցրեց բանակցային գործընթացում մի քանի կարեւոր թեզեր շահարկելու հնարավորությունը. առաջինն այն էր, որ պատերազմ չվերսկսելը նա ներկայացնում էր որպես փոխզիջում: Նա չլուծեց իր առջեւ դրված խնդիրը, հետեւաբար նա չի կարող այլեւս պատերազմ չվերսկսելու սպառնալիքը օգտագործել որպես քաղաքական գործոն հարցն իր օգտին լուծելու համար: Լուրջ խնդիրներ առաջացան նաեւ հասարակության ներսում, քանի որ նրա վարչակազմն առաջ էր տանում այն թեզը, որ երկրի միայն ռազմական բյուջեն ամբողջ Հայաստանի բյուջեին է հավասար, որ Հայաստանում բանակ չկա, սակայն նրանք չկարողացան իրենց ասած մեկ շաբաթում հարցը լուծել: Եվ երրորդ. Ադրբեջանը դարձավ տարածաշրջանային անվտանգության համար լուրջ սպառնալիք»,- լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետը:
Նրա կանխատեսմամբ՝ Ալիեւը հետագայում փորձելու է շտկել ապրիլյան սխալները եւ ապացուցել նախկինում արված իր հայտարարությունների կենսունակությունը:
«Կարծում եմ՝ ամեն ինչ կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների որոշումներից՝ այսինքն կգնան նրանք պատերազմի վերսկսման, թե ոչ, եւ այստեղ առկա է երկու գործոն՝ արտաքին աջակցությունը այս դեպքում Թուրքիայի կողմից: Մենք տեսնում ենք, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ադրբեջանում նոր զարգացումներ կան, Թուրքիան ռազմաբազա է տեղակայում Ադրբեջանում, եւ, իմ տպավորությամբ, չնայած ներքին եւ արտաքին մի շարք մարտահրավերների, Թուրքիան, միեւնույն է, աջակցելու է Ադրբեջանին: Հաջորդ գործոնը Ռուսաստանի դերակատարությունն է, թե ինչպես այն կփորձի իրեն պահել այդ դեպքում: Ադրբեջանն այժմ ամեն ինչ անում է, որպեսզի չեզոքացնի Ռուսաստանի հակազդեցությունը, եւ կարծես թե ինչ-որ չափով ունի հաջողություններ»,- ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի համոզմամբ՝ Հայաստանը պետք է օգտագործի առաջիկա մեկ-երկու ամիսները ներքին տարաձայնությունները հարթելու համար, հակառակ դեպքում հասարակությունը պատրաստ չի լինելու նոր պատերազմի:



