Ռոուհանին Պուտինի հետ Բաքվում կքննարկի Թուրքիայի նախագահին օգնելու հարցը
Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը ռուսական RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին պլանավորում է Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին օգնություն ցուցաբերելու հարցերը:
«Մենք պարոն Պուտինի հետ ցանկանում ենք օգնել Էրդողանին՝ (երկրում) լավ պայմաններ ստեղծելու և խնդիրները լուծելու համար, որպեսզի նա կարողանա ճիշտ որոշումներ կայացնել:
Դա վերաբերում է տարածաշրջանային հարցերին, Իրաքին, Սիրիային: Կարծում եմ, որ և´ պարոն Ռոուհանին, և´պարոն Պուտինը պատրաստ են օգնություն տրամադրել Էրդողանին, աջակցել նրան: Կառավարությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե այլ երկրներն ու այլ ուժերը»,- նշել է իրանցի դիվանագետը:
Նա բացատրել է, որ «առաջին պլանում թուրք ղեկավարությանը օգնություն տրամադրելն է», հետո տնտեսական հարցերն են, տնտեսական աջակցությունը: «Դրանից հետո արդեն հարաբերությունները վերածվում են ռազմավարականի, իհարկե, դա կազդի ամեն ինչի վրա:
Կարծում եմ` այդ աշխատանքը երկար ժամանակ կպահանջի»,- հավելել է դիվանագետը:
Ռահիմպուրը նշել է, որ «այսօր Բաքվում Իրանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն հարցերին, որոնք կապահովեն մեր տարածաշրջանի անվտանգությունը»:
«Եթե նորմալ պայմաններ լինեին, ապա Էրդողանը նույնպես կարող էր մասնակցել այդ հանդիպմանը: Սակայն, որքան ես գիտեմ, նա վաղը կթռչի Սանկտ Պետերբուրգ` հանդիպելու Պուտինի հետ»,- ասել է նա:



