«Տղամարդուն վայել արարք չէ՝ փակ քննարկումների նյութը դարձնել հանրության սեփականությունը». Նաիրա Զոհրաբյանը՝ Գառնիկ Իսագուլյանի հայտարարության մասին

«Դավադրությունների տեսության կողմնակից չեմ, ուստի ձեռնպահ կմնամ մեկնաբանել դավադրությունների խոշորագույն մասնագետ Գառնիկ Իսագուլյանի մտքերը»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը 1in.am-ի հետ զրույցում ասել էր, որ դրսի ինչ-որ ուժեր փորձում էին «Սասնա ծռերի» տղաներին մատաղացու դարձնել. «Այն քաղաքական ուժերը, որոնց բոլորի հետ ես հենց ամսի 17-ին զրուցել եմ, մենք նախաձեռնում էինք հավաք, որտեղ ես խոսել եմ և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, և՛ «Օրինաց Երկիր», և՛ «Համախմբում», բոլորի հետ: Պայմանավորվել էինք հստակ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության տարածքում: Ինձ խնդրեցին, որ ես միջնորդ ներկայանամ իշխանությունների հետ, ես իրենց ներկայությամբ եմ զանգել իշխանության ներկայացուցչին, դա ամսի 18-ին էր: Ստացել ենք համաձայնություն, բայց երբ 4-ին պետք է գնային հանդիպման, պարզվեց՝ այս կուսակցություններից մեկը գնում է Ծաղկաձոր հանգստանալու՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբումը», պարզվեց, ուրիշ պատճառներ ունի, «Օրինաց Երկիրը» չի ուզում ԲՀԿ-ի հետ, ԲՀԿ-ն չի ուզում «Օրինաց Երկրի» հետ, մնացինք ես, Քոքոբելյանը և վերջում մեզ միացավ Հրանտ Բագրատյանը: Մենք պատրաստվում էինք ներսում գնալ՝ որպես կամավորներ, ոչ թե՝ որպես պատանդներ, որ ոստիկաններին բաց թողնեին, բայց մյուս կուսակցություններն այդ պահին փախան»:

Ն. Զոհրաբյանն ասաց, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում մի քանի հանդիպումներ եղել են, բայց որևէ հանդիպման, որին ինքը ներկա է եղել, Գառնիկ Իսագուլյանին չի տեսել. «Քննարկվել են տարբեր հարցեր, ԲՀԿ-ն քանիցս ասել է՝ իր քայլերն անում է՝ առանց պայմանավորելու որևէ կուսակցության քայլերի հետ: Եթե հիշում եք, ես և Միքայել Մելքումյանն ամսի 22-ին Խորենացի փողոցում մի հինգ ժամ բանակցություններ էինք վարում ոստիկանների հետ, որպեսզի մեզ թույլ տան անցնել ՊՊԾ տարածք, և այդպես էլ մեզ 5 ժամ սպասեցնելուց հետո խորհուրդ տվեցին դիմել Հատուկ քննչական կոմիտե՝ նշելով, որ այլևս հարուցված է քրեական գործ, և միայն քրեական գործ հարուցած մարմինն իրավունք ունի նման թույլտվություն տալու: Հենց նույն օրը ես պաշտոնական նամակով դիմել եմ Հատուկ քննչականի ղեկավարին՝ խնդրելով թույլտվություն իմ և ԲՀԿ-ի մի քանի գործընկերների համար՝ մուտք գործել ՊՊԾ տարածք, ստացել եմ Աղվան Հովսեփյանի մերժումը, որ իրենց կառույցն իրավասու չէ նման թույլտվություն տալու, իսկ մնացած գործընթացներն արդեն ձեզ հայտնի են, ուստի, ես խնդրում եմ՝ ազատեք ինձ Գառնիկ Իսագուլյանին մեկնաբանելու պարտականությունից: Գառնիկ Իսագուլյանին թող մեկնաբանեն այն քաղաքական ուժերը, որոնք Գառնիկ Իսագուլյանին համարում են իրենց համախոհը»:

Նա նշեց, որ իրենք՝ կուսակցություններով, ոչ մի որոշում չեն կայացրել: Այդ հանդիպումների ընթացքում, ըստ Ն. Զոհրաբյանի, քննարկվել են տարբեր հարցեր. «Քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը, թե ինչ կարող են անել ստեղծված իրավիճում քաղաքական կուսակցությունները, բայց այն, ինչ ասում է Գառնիկ Իսագուլյանը, նման հարց չի քննարկվել: Տղամարդուն վայել արարք չէ՝ փակ քննարկումների նյութը դարձնել հանրության սեփականությունը: Սա՝ ի գիտություն այն քաղաքական ուժերի, որոնք նման քննարկումների հրավիրում են Գառնիկ Իսագուլյանին»:

Տեսանյութեր

Լրահոս