«Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը». Անահիտ Բախշյան

Քաղաքական այսպիսի ռեպրեսիաներ Հայաստանում «Ժառանգություն» կուսակցության, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը չի հիշում: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում` անդրադառնալով վերջին օրերին մի շարք անձանց ազատությունից զրկելու գործընթացին:

«Կարող է` Սերժի ասածից հետո ինչ-որ բաներ իսկապես մոռացել եմ, բայց չեմ հիշում, որովհետև 2008թ. մարտի 1-ից հետո, որպես պատգամավոր, ես ցանկացած կալանավորվածի մոտ մտել եմ` որտեղ ուզում է լինի, որևէ խոչընդոտ չի եղել, փաստաբանները մտել են, դիտորդները մտել են, այսօր փակել են բոլոր դռները, մենք չենք կարողանում տեսնել: Փաստաբանը կասի, թե ինչ վիճակ է: Սա քաղաքական հետապնդման աննախադեպ աստիճան է Հայաստանում, որի արդյունքում, մասնավորապես, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցությունը պարալիզացվել է: Մեր խմբակցությունը 5 անդամ ունի, որից 2-ը կալանավորված են: Մեր գործունեությանը խոչընդոտում է ՀՔԾ-ն, որի իրավունքը ես չգիտեմ` ունի՞, թե՞ չունի: Իհարկե, ավագանու անդամն անձեռնմխելիություն չունի, բայց այդ մարդիկ երևանցիների կողմից ընտրված մարդիկ են, պատահական մարդիկ չեն, քաղաքական գործիչներ են` գրագետ, խելացի, հայրենասեր: Բանտարկել եք, որ ի՞նչ: Իր նման հարցը տամ»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Նրա խոսքով` որքան ծանոթանում են փաստաբանների հաղորդագրություններին, այնքան համոզվում են, որ սա քաղաքական հետապնդում է, մասնավորապես, «Ժառանգության» նկատմամբ:

«Զանգվածային անկարգության կազմակերպիչների որակում են տվել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ոստիկանությունն է զանգվածային անկարգությունների կազմակերպիչը»,- ասաց Անահիտ Բախշյանը` նշելով, որ որոշում պետք է կայացվի՝ բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, ինչպես նաև՝ ռեպրեսիաներին վերջ տալու համար:

«Մոռացե՞լ են` ինչ է գրված ՀՀ Սահմանադրության մեջ: Գրված է` ՀՀ-ն ժողովրդավար երկիր է, որտեղ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր տեսակետը արտահայտելու և ասելիքը ասելու: Ձևերն էլ ինքն է գտնում»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս