Ո՞վ է հաջորդը հեռանալու իշխանությունից

Օգոստոսի 4-ին հրաժարական է ներկայացրել Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Այն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Պաշտոնապես հայտարարվել է, որ հրաժարականի պատճառը դատախազի առողջական խնդիրներն են։ Միաժամանակ՝ նախագահի մամլո խոսնակն ասել է, թե հույս ունի՝ ապաքինումից հետո Գևորգ Կոստանյանի կարողությունները կօգտագործվեն պետական խնդիրների լուծման նպատակով։

Ասել, որ Կոստանյանի հրաժարականն անակնկալ էր, նշանակում է՝ ոչինչ չասել։ Ավելին, անգամ այն դեպքում, եթե պաշտոնապես ներկայացվող հրաժարականի հիմնավորումը համապատասխանում է իրականությանը, և մարդն իսկապես առողջական խնդիրներ ունի, ապա ստեղծված իրավիճակում և հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ, միևնույն է՝ Կոստանյանի հեռացումը խոսում է միանգամայն այլ խնդիրների մասին, քան առողջական խնդիրներն են։ Ի վերջո, առողջական խնդիրների լուծման համար կարող էր ձևակերպվել արձակուրդ՝ հատկապես հաշվի առնելով այն ակնհայտ իրողությունը, որ այս օրերին Կոստանյանի հրաժարականը դիտվելու էր՝ որպես հուլիսի 17-ի իրադարձությունների հետևանք։

Այսինքն՝ դժվար չէ նկատել, որ իշխանությունը խնդիր չի դրել՝ գոնե հետաձգել Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին տեղեկատվության հրապարակումը։ Հակառակը՝ գուցե խնդիր է դրել հենց այս օրերին այն հրապարակելով՝ այլ եզրակացություններ կատարելու առիթներ ստեղծել։

Ո՞վ է իշխանությունից հեռանում Գևորգ Կոստանյանի հրաժարականով, ի՞նչ է ցույց տալիս Սերժ Սարգսյանը համակարգին՝ այդ հրաժարականն ընդունելով, ովքե՞ր են լինելու հաջորդ անակնկալ հեռացողները, որոնք, ըստ էության, հեռանում են այլոց՝ հայտնի իրադարձություններից հետո հեռացման ենթակա այլ պաշտոնյաների փոխարեն։ Այս և սրանցից ածանցյալ մի շարք այլ հարցերի պատասխաններ հայտնի կդառնան առաջիկայում՝ Սերժ Սարգսյանի հաջորդ քայլերից։

Իսկ մինչև այդ հասարակությունը շարունակելու է հարցնել՝ ինչո՞ւ Գևորգ Կոստանյանը, և ոչ՝ Վլադիմիր Գասպարյանը։ Ոստիկանապետը պետք է արդեն իսկ հրաժարական ներկայացրած լիներ ոչ միայն՝ հուլիսի 29-ի վայրագությունների, այլ առաջին հերթին՝ այն պատճառով, որ հուլիսի 17-ին գրավվել է հենց նրա ենթակայության ու պահպանության տակ գտնվող գունդը։ Բայց ոստիկանապետը ոչ միայն հրաժարական չի տալիս, այլև վերջին երկու օրերին ակտիվորեն կադրային փոխատեղումներ է իրականացնում՝ կարծես ցույց տալով, որ ոչինչ էլ չի եղել, ու ինքը շարունակում է նույն այն «կադրային լեգոյի խաղը», որով զբաղված է այդ պաշտոնում նշանակվելուց ի վեր։

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներին, ապա պետք է արձանագրել, որ հուլիսի 17-ից հետո առողջական ամենալուրջ խնդիրներ ունենալու վտանգ կարող էր ունենալ հենց Վլադիմիր Գասպարյանը՝ պատասխանատվության զգացումի ու մասնագիտական, մարդկային թերացումների համար։ Բայց, փառք Աստծո, նա ոչ միայն առողջական խնդիրներ չունի, այլև առժամանակ դրսևորած պասիվությունից հետո վերսկսել է աշխատել նույն ավյունով ու եռանդով, ինչ նախկինում։

Հ.Գ. Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ձևական, հռչակագրային կարգախոսների ներքո, Հայաստանում իրականում ոտնահարվում են մարդու, առանց բացառության՝ բոլոր իրավունքները, այդ թվում՝ առողջական խնդիրներ ունենալու՝ ցանկացած քաղաքացու, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյայի իրավունքը։ Ոտնահարվում է այն իմաստով, որ իշխանության ստեղծած մթնոլորտի պատճառով հասարակությունը չի հավատում իշխանությունից ստացվող ցանկացած տեղեկատվության։ Եթե անգամ դա վերաբերում է մարդու առողջությանը։ Անկախ ամեն ինչից, շուտափույթ ապաքինում ենք մաղթում Գևորգ Կոստանյանին։

Տեսանյութեր

Լրահոս