Դանիել Իոանիսյանին բավարարեց Տիգրան Մուկուչյանի պատասխանը
Ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփմանը վստահված անձինք, դիտորդները, ԶԼՄ ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել 20:00-ից հետո, եթե անգամ մինչ այդ այնտեղ չեն եղել:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ընդունվեց որոշման նախագիծ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մաս ի պաշտոնական պարզաբանման վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական կազմակերպությունից ԿԸՀ-ն ստացել էր դիմում, որով պահանջվում էր պաշտոնական պարզաբանում տալ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի հետ կապված: «ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` ընտրական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև քվեարկության ամբողջ ընթացքում քվեարկության սենյակում սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ներկա գտնվելու վստահված անձինք, դիտորդներ, այցելուներ, ԶԼՄ ներկայացուցիչնե ր, ինչպես նաև վերադաս ընտրական հանձնաժողովի անդամները` վերադաս ընտրական հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:
Ընտրական հանձնաժողովի նիստերը, այդ թվում` տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստը, ինչպես նաև քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, այցելուները, ԶԼՄ ներկայացուցիչները կարող են լուսանկարել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը: Սակայն 11-րդ մասը հստակ չի նշում, 20:00-ից հետո վերոնշյալ անձինք, ովքեր մինչ այդ ներկա չեն գտվել ընտրատեղամասում, կարող են արդյոք մուտք գործել ու ներկա գտնվել ամփոփման փուլին, թե զրկված են այդ իրավունքից»,- դիմումը կարդաց Մուկուչյանը:
Նա տեղեկացրեց, որ նախապատրաստվել է որոշման նախագիծ ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 11-րդ մասի պաշտոնական պարզաբանման վերաբերյալ:
Համաձայն պաշտոնական պարզաբանման` քվեարկության արդյունքների ամփոփման նիստը ևս ընտրական հանձնաժողովի նիստ է, որն ունի օրենսգրքով հստակ ամրագրված գործառույթների իրականացման շրջանակ: «Քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց համար նիստին ներկայանալու կամ ներկա գտնվելու ժամանակային սահմանափակումներ առկա չեն: Հետևաբար, տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության արդյունքների ամփոփման նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են ներկայանալ նաև նիստը սկսվելուց` ժամը 20:00-ից հետո, և մասնակցել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին»,- հայտնեց Տիգրան Մուկուչյանը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը նշեց. «Նախագիծը մեզ բավարարում է, խնդրում եմ այն ընդունել»: Որոշման նախագիծն ընդունվեց` յոթ կողմ ձայնով: