«Գոյություն ունեն տեսանյութեր, որոնք հիմնավորում են, որ Ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա և ծեծի ենթարկել»

«Մեր բոլոր պաշտպանյալներին արհեստական մեղադրանքներ են առաջադրվել, որպեսզի սահմանափակվեն նրանց արտահայտվելու ազատությունը, հավաքների մասնակցելու, կազմակերպելու ազատությունները: Գործ ունենք մի երևույթի հետ, երբ անհիմն, արհեստական մեղադրանքներով մեր պաշտպանյալներին առանձնացրել են հանրությունից, սահմանափակել նրանց իրավունքները և արհեստական մեղադրանքներ առաջադրել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը` անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո Կարո Եղնուկյանի, Արմեն Մարտիրոսյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի կալանավորմանը:

Նա տպավորություն ունի, որ մեղադրանքների որոշումները գրել են ոչ թե իրավաբանները, այլ բանասերները:

Արմեն Մարտիրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանն ասաց, որ իր պաշտպանյալին մեղադրանք են առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որն ակնհայտ ապօրինի է: Նրա խոսքով` գոյություն ունեն տեսանյութեր, որոնք հիմնավորում են` նախ, որ զանգվածային անկարգություններ տեղի չեն ունեցել, Ոստիկանությունն է հարձակվել ժողովրդի վրա և ծեծի ենթարկել, Արմեն Մարտիրոսյանն էլ միջոցներ է ձեռնարկել, բանակցել է ոստիկանների հետ, որպեսզի բախումներ չլինեն. «Հորինված, հեքիաթի նման մեղադրանք է»:

Գիվի Հովհաննիսյանը կարծիքով՝ այս ամենի նպատակը հանրահավաքները դադարեցնելն է. «Այս անձանց մեկուսացնելով, հասարակության մեջ սադրիչներ մտցնելով` փորձելու են այնպես անել, որ հասարակությունն էլ սադրանքի ենթարկվի, բախումներ լինեն Ոստիկանության հետ, Ոստիկանության հետ բախումների հետևանքով նրանք ծեծի կենթարկեն անձանց և հասարակությանը, միջազգային հանրությանը ցույց կտան, թե տեսեք` մենք ոչ թե գործ ունենք մարդկանց հետ, որոնք իրենց իրավունքներն են պաշտպանում, այլ՝ իբր հանցագործների հետ»: Փաստաբանն ասաց, որ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում քաղաքական հայացքների համար:

Հովսեփ Խուրշուդյանի պաշտպան Սեդա Սաֆարյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում ամենացածր մակարդակի վրա է, ինչը նա ուղղակիորեն կապում է դատական համակարգի անկարողության հետ: «Նույն հետաքննության, նախաքննության մարմիններն այնքան վստահ են եղել, որ թույլ տված խախտումների համար որևէ մեկին հաշվետու չեն լինելու, որ բոլորին ազատությունից ապօրինի զրկելու գործընթացն ուղեկցվել է նույն անօրեն եղանակով»,- ասաց Սեդա Սաֆարյանը` նշելով, որ Հովսեփ Խուրշուդյանին ձերբակալել են Սարի թաղում ինչ-որ մեկի բնակարանից, սակայն այդ մասին քննիչը չի ցանկացել ապացույց ձեռք բերել. «Նրա ցուցմունքում այդ կապակցությամբ կան բավարար տեղեկություններ, որ Սարի թաղում ինչ-որ մեկի բնակարանում է եղել, և Ոստիկանության աշխատողները թափանցել են այնտեղ, վերցրել մոտ 10 անձի, չեն լսել տանտիրոջ զայրույթն այդ կապակցությամբ, որ իրավունք չունեն այնտեղ ներխուժելու, այնտեղից անձինք տանելու, և այլն: Ոստիկանության բարձրաստիճան աշխատողն ասել է` Հովսեփ Խուրշուդյանին նույնպես պետք է տանեք բաժին»: Նա նշեց, որ Հովսեփ Խուրշուդյանին պատժում են քաղաքական հայացքների համար:

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ դեռևս հուլիսի 18-ին նրան ձերբակալել են, տարել Ոստիկանության Ներքին զորքերի գունդ, պահել սպորտդահլիճում. «Դաժան ծեծի էին ենթարկել, նվաստացրել այն աստիճանի, որ նույնիսկ ոտքերով գլխին էին խփել, նա ուղեղի ցնցում էր ստացել, էլ չեմ ասում այլ մարմնական վնասվածքները»: Հաջորդ անգամ Դավիթ Սանասարյանը հուլիսի 27-ին բերման է ենթարկվել, հուլիսի 29-ին նա այցելել է հիվանդանոց` տեսակցելու հորը, ով մարմնական վնասվածքներ էր ստացել Ոստիկանության կողմից հատուկ միջոցի կիրառության արդյունքում. ժամը 1:30-ի սահմաններում Դավիթ Սանասարյանը հիվանդանոցում ձերբակալվել է, նրա վիճակը վատացել է, ծնողներին ասել են, թե տանում են վերակենդանացման բաժանմունք, սակայն ձերբակալել են, տարել քննիչի մոտ: Մեղադրանքի հիմքում միայն ոստիկանների ցուցմունքներն են: Փաստաբանի խոսքով` համացանցը ողողված է տեսագրություններով, որ կալանավորածները հորդորում են չհարվածել, հանգիստ լինել, տանում են խաղաղ կարգավորման, սակայն ոստիկանները ցուցմունք են տալիս, թե նրանք են հրահրում հանրությանը:

 

Տեսանյութեր

Լրահոս