Բաժիններ՝

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին

Լրագրողական կազմակերպությունները, այդ թվում՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (նախկին «Ինտերնյուս»), համատեղ հայտարարություն են տարածել՝ պահանջելով ազատ արձակել «Արձագանք» ռադիոստուդիայի հիմնադիր-տնօրեն Եղիշե Պետրոսյանին։

«Երեկ՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր»խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը:

Մենք՝ ներքոստորագրյալներս, ի գիտություն ենք ընդունում այս փաստը և արձանագրում, որ երկրի ղեկավարը, անտեսելով իրավապահ մարմինների՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ ոչ վաղ անցյալում (օրինակ՝ 2015 թ. հունիսի 23, մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում) տեղի ունեցած բազմաթիվ նմանատիպ վայրագությունները, որոնք իրենց ծավալով չեն զիջում հուլիսի 29-ի դեպքերին, միայն հիմա է ներողություն խնդրում և հավաստիացնում, որ նման դեպքեր չեն կրկնվի։ Միգուցե պատճառն այն է, որ վերջին իրադարձությունների ժամանակ աննախադեպ էին լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու միջոցները՝ խլացուցիչ և լուսաբռնկիչ պայթուցիկներ, արցունքաբեր գազ և այլն։

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված ներողությունը, լրագրողական կազմակերպությունները նրա ուշադրությունն են հրավիրել, որ վերոհիշյալ դեպքերի ընթացքում հանիրավի ձերբակալվել է «Արձագանք» ռադիոստուդիայի հիմնադիր-տնօրեն Եղիշե Պետրոսյանը, որը առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոչ միայն բժիշկների, այլև ոստիկանների հսկողության տակ։

Նրան ներկայացված մեղադրանքը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ուղղակի անհեթեթ է, հատկապես Եղիշե Պետրոսյանին ճանաչողների համար։ Ուստի որպես իրավիճակը շտկելու առաջին քայլ՝ նախագահ Սարգսյանից պահանջում ենք վերականգնել մեր գործընկերոջ խախտված սահմանադրական իրավունքը և միջոցներ ձեռնարկել ժամ առաջ նրան ազատ արձակելու համար», – ասված է հայտարարությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս