«Խոսիր ժողովրդի հետ». Նիկոլայ Ծատուրյանը՝ Սերժ Սարգսյանին

«Եթե մի անձի պաշտպան զորքերն ավելի շատ են, քան Արցախի ճակատում մարտնչող զինվորները, արդեն նոնսենս է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադառնալով Ոստիկանության ՊՊԾ-ի շենքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից զենքերը վայր դնելու, իշխանություններին հանձնվելու գործողություններին և այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նման տեսակետ հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Նրա կարծիքով՝ եթե մարդ հեղափոխություն է անում, դրա մասին չպետք է բոլորն իմանան.

«Դա գաղտնի է արվում, ծպտյալ, որպեսզի հետո միանգամից անցնեն գործողությունների: Հեղափոխությունը չի կարելի անել 40-50 հոգով: Դա ամենաքիչը մի 10 հազար մարդով է արվում: Ի՞նչ է նշանակում՝ հեղափոխություն անել. դա նշանակում է՝ առաջին հերթին՝ գրավել հեռուստատեսություն, ռադիոկայան, օդանավակայան, և ոչ թե՝ գնալ ՊՊԾ գունդ՝ նստել: Ես կառավարության տեղը լինեի կասեի՝ «է, նստեք», կկերակրեի, բուժօգնություն էլ ցույց կտային… Ի՞նչ է նշանակում ՊՊԾ գնդի շենքի գրավումը: Նայում ես, մարդիկ դուրս են եկել, բղավում են. է հա, բղավում են, ոչ մի կազմակերպվածություն: Ասում են՝ «Սերժիկ, հեռացիր, Սերժիկ, հեռացիր»… Լավ, հեռացավ, ո՞վ է գալու, ոչ մի լիդեր չկա նրան փոխարինող: Չկա այն լիդերը, որի հետևից ժողովուրդը գնա: Այ, եթե լինի մեկը, որ ժողովուրդը հավատա, որ սա կարող է լավը լինել, արդեն կհասկանա նպատակը: Իսկ այսպես, ուղղակի գոռում-գոչում են»:

Լրագրողի հարցին, թե՝ նախագահի հետևից գնո՞ւմ է ժողովուրդը, Ն. Ծատուրյանը պատասխանեց, որ ժողովուրդը չի հավատում նախագահին, որովհետև Սերժ Սարգսյանը բռնել է մի քաղաքականություն, որը բացարձակապես մարդասիրական չէ:

«Խոսիր ժողովրդի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին արհամարհում էր ժողովրդին, Սերժ Սարգսյանը նրանից անցել է, ժողովուրդը դրա համար էլ ոչ մի բանի չի հավատում: Ես ուղղակի կոչ եմ անում, պարոն նախագահ, խնդրում եմ, աղաչում եմ, անընդհատ խոսեք ժողովրդի հետ, բայց ոչ թե՝ դեմագոգիայով, այլ՝ պատմի, բացատրի մարդավարի, ոչ թե նախագահական ձևով: Չկա դիալոգ ժողովրդի հետ: Ինչո՞ւ չեն մտնում դիալոգի մեջ, ա՛յ սա է մեր խորհրդարանի և պարոն Սարգսյանի սխալը: Այ, երբ այս դեպքերը վերջացավ, պարոն Սարգսյանը կանչեց մարդկանց, ինձ էլ կանչեց, ես չգնացի, ու սկսեց խոսել այդ դեպքերի մասին: Ախր ինչո՞ւ մինչ այդ չես անում»,- նշեց Ն. Ծատուրյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս