Արա Պապյանը Վիգեն Սարգսյանին «Սասնա ծռերի» հետ բանակցողի այլ անուն է տվել
Քաղաքական և իրավական առումներով «սխալ» էր, որ նախագահ Սերժ Սարգսյանը «Սասնա ծռեր» խմբի անդամներին ահաբեկիչներ անվանեց: Այս կարծիքին է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը: Ըստ նրա՝ «ահաբեկիչ», «ահաբեկչություն» բառերը բացասական անդրադարձ ունեն համաշխարհային մտայնության մեջ:
«Եթե դու նախագահի մակարդակով փաստում ես, որ երկրում կան ահաբեկիչներ, դու փակում ես քո երկիրը հնարավոր ներդրումների, տուրիզմի և նման բաների առջև: Շատ երկրներ, որտեղ իսկապես ահաբեկչություն կա, ամեն ինչ անում են ցույց տալու համար, որ չկա: Իրավական առումով էլ է սխալ: Ըստ Սահմանադրության՝ դատական համակարգը գործադիրի հետ կապ չունի, և ցանկացած որակավորում սխալ է, ոչ միայն՝ եթե ասում է՝ ահաբեկիչ: Նա պարզապես պետք է իրավիճակը գնահատեր ու օգտագործեր «զինյալ» բառը»,- այսօր հրավիրված ասուլիսում նշեց Ա. Պապյանը:
Խոսելով «Սասնա ծռեր» խմբի և իշխանությունների միջև տեղի ունեցած բանակցային պրոցեսի մասին՝ Ա. Պապյանը որոշ փակագծեր բացեց՝ ասելով, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը միջնորդություն կատարելու միակ թեկնածուն չի եղել:
«Առաջին իսկ օրը ես անձամբ զանգել եմ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին (ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար.- Ա.Ք.) և առաջարկել եմ մի անձի անուն, որը համաձայն էր, և որին երկու կողմերն էլ կարող էին վստահել: Վիգեն Սարգսյանն ասել է՝ սպասենք, տեսնենք, այլ տարբերակներ ևս կան, և հետո պարզվեց, որ այդ այլ տարբերակը Բալասանյանն էր: Այնպես որ, վստահեցնում եմ ձեզ, եղել է միջնորդության մի քանի տարբերակ, և արդեն իշխանության ընտրությունն է եղել՝ ընտրել Բալասանյանին, և ոչ թե՝ այլ մարդկանց: Ես շատ բարձր եմ գնահատում Բալասանյանի զինվորական կարողությունները, բայց նա ունի շատ թույլ դիվանագիտական կարողություններ, և վստահ եմ՝ մեր առաջարկած թեկնածուն շատ ավելի լավ, դիվանագիտորեն այդ ամբողջը կկատարեր, և մենք չէինք ունենա այս բացասական անդրադարձը, որ հիմա ձևավորվել է Բալասանյանի անվան շուրջ»,- նշեց Ա. Պապյանը:
Պապյանը կարծում է՝ այս դեպքում նաև իրավական խնդիր կա: Նրա խոսքով՝ եթե մեր իշխանությունն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, ապա հասկանալի չէ, թե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի անդամը (Վիտալի Բալասանյանը ԼՂՀ ԱԺ պատգամավոր է.- Ա.Ք.) ո՞նց է մեր ներպետական գործընթացի մեջ ներգրավվում և ընդունում է ՀՀ քաղաքացիների հանձնվելը:
Ա. Պապյանը չմանրամասնեց` ո՞ւմ է ինքը որպես միջնորդ առաջարկել:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: