Բաժիններ՝

«Ղրիմի վերադարձը սպառնում է Երրորդ համաշխարհային պատերազմով». Թրամփ

ԱՄՆ-ի փորձը` միջամտել ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ղրիմը վերադարձնել Կիևին, կնշանակեր Երրորդ համաշխարհային պատերազմի սկսում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը` ելույթ ունենալով Օհայո նահանգում, գրում է Politico-ն:

Ինչպես նշվում է, Թրամփը լուրջ չի ընդունել մամուլում իր հասցեին ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցից հետո հնչող քննադատությունները: Հեռուստաալիքի թղթակից Ջորջ Ստեֆանոպուլոսը ենթադրել է, թե Թրամփը տեղյակ չէ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման մասին:

«Ես դա հաստատ գիտեմ, դա եղել է մոտավորապես 2 տարի առաջ, այդպե՞ս է: Այն (Ղրիմը) գրավվել է Օբամայի նախագահության օրոք: Ես ասացի, այո, լավ, դա եղել է 2 տարի առաջ: Ես նկատի ունեմ, դուք ցանկանում եք ամեն ինչ հետ վերադարձնել, դուք ցանկանում եք սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ, որպեսզի ամեն ինչ հե՞տ ստանաք»,- հավելել է Թրամփը:

Ինչպես գրում է Los Angeles Times-ը, Օհայոյում միտինգի ժամանակ Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին: «Մի՞թե լավ չէր լինի, եթե ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ ջախջախեր ԴԱԻՇ-ին»,- հայտարարել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս