«Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է». Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր  հասարակության, իշխանությունների և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է.

«Ես շնորհակալ եմ բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր իսկապես իրենց դրսևորեցին որպես քաղաքական-պետական գործիչներ և, հասկանալով այս ամենը, առաջին իսկ օրվանից ձայն բարձրացրին տեղի ունեցողի անընդունելի լինելու մասին: Նրանք, ի տարբերություն շատ քիչ կարճատեսների, լավ են հասկանում՝ որտեղ է ավարտվում քաղաքական մրցակցության սահմանը և սկսվում Հայրենիքի անվտանգության հարթությունը:

Սուր իրավիճակները հաճախ լակմուսի դեր են կատարում՝ հասարակության և պատմության համար մատնացույց անելով հասուններին և տարանջատելով կարճատեսներին ու պատեհապաշտներին:

Ես շնորհակալ եմ մեր մշակույթի երևելիներին, մեր հասարակական գործիչներին, մեր իրական մտավորականներին, ովքեր շատ լավ հասկացան, որ հրապարակավ դատապարտելով անընդունելին, սթափեցնող խոսք հասցնելով զինյալներին, իրականում նպաստում են խնդրի անարյուն լուծմանը, իրականում մատնանշում են այդ մարդկանց փրկության ճանապարհը: Ափսոս, որ անհիմն ոգևորողները, հստակ գիտակցելով, որ նպաստում են զինյալների կործանմանը, չկարողացան զսպել իրենց մեջ կուտակած մաղձը, լիուլի թափեցին այն՝ միայն թե քաոս լինի, միգուցե ալեկոծումները պատահաբար կեղտը մակերես հանեն: Զզվելի է:

Փա՛ռք Աստծո, որ առողջ բանականությունը գերիշխում է մեր երկրում:

Հայաստանում գերիշխեց մեկ պարզ ճշմարտություն, որը, թվում էր, կասկածի առարկա չպետք է լիներ ի սկզբանե: Եվ այդ ճշմարտությունը արժեքային դաշտում է, մեր աշխարհընկալման, մեր տեսակի, մեր ժառանգության մեջ է: Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք:

Տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է: Որևէ պատճառով, անգամ ամենահիմնավոր պատճառով, հեռու՛ մնացեք այդ սարսափից: Ո՛չ ասեք ահաբեկչությանը և դրա ցանկացած դրսևորմանը, որտեղ էլ որ այն տեղի ունենա: Ո՛չ ասենք մեր երկրի, մեր ժողովրդի, մեր սերունդների և մեր հայրենիքի համար: Ո՛չ ասենք այդ քաղցկեղին: Հեռու՛ վանենք մեզնից: Շատ հեռու»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս