Նալբանդյանն ու Զանելիձեն խոսել են մշակութային ժառանգության պահպանման մասին
Պաշտոնական այցով Թբիլիսի ժամանած արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին հանդիպեց Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Զանելիձեին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Միխեիլ Զանելիձեն նշեց, որ հարևան երկրի արտգործնախարարի այցը Վրաստան նշանակալի իրադարձություն է, ինչը թույլ է տալիս շարունակել երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ցուցաբերված ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր հնարավոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Վրաստան երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ընդգծվեց առկա ութսունից ավելի համաձայնագրեր ընդգրկող հարուստ իրավապայմանագրային դաշտի կարևորությունը, ինչը հնարավորություն է ընձեռում զարգացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում: Նախարարները գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների գերատեսչությունների միջև շարունակվում են ակտիվ փոխայցելություններն ու արդյունավետ համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն ու Միխեիլ Ջանելիձեն քննարկեցին Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, միջազգային կառույցներում համագործակցության, տրանսպորտային փոխադրումների դյուրացման, էներգետիկ փոխգործակցության, մշակութային ոլորտում համագործակցության, ապակենտրոնացված մակարդակով շփումներին առնչվող հարցեր, հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրները։ Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին մշակութային ժառանգության պահպանման շուրջ։
Էդվարդ Նալբանդյանը և Միխեիլ Զանելիձեն անդրադարձ կատարեցին Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին:
Զրուցակիցները քննարկեցին միջխորհրդարանական կապերի առավել զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային հրատապ հարցերի:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով բանակցային գործընթացի առաջ մղմանը:
Հանդիպումից հետո նախարարներ Նալբանդյանը և Ջանելիձեն հանդես եկան մամուլի համար հայտարարություններով:
Պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծաղկեպսակ դրեց Թբիլիսիի հերոսների հրապարակում։