Կրեմլը մեկնաբանել է Ռուսաստանի հասցեին ուղղված ԴԱԻՇ-ի սպառնալիքները
Կրեմլում ուշադրություն են դարձնում սպառնալիքներով լի այն հայտարարությանը, որն արել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը, սակայն դրանք չեն ազդի ահաբեկչության դեմ պայքարի ռուսական քաղաքականության վրա, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Անխոս, նման հրապարակումները հաշվի են առնվում հատուկ ծառայությունների կողմից, որոնք պատասխանատու են հակաահաբեկչական աշխատանքի և անվտանգության ապահովման համար»,- հայտարարել է Պեսկովը:
«Միաժամանակ, նման սպառնալիքներն ի վիճակի չեն որևէ կերպ ազդել Ռուսաստանի հետևողական քաղաքականության վրա, Ռուսաստանի նախագահի` ահաբեկչության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վրա, որն անկասկած, շարունակվում է բոլոր ուղղություններով»,- հավելել է նա:
Պեսկովը հայտարարությունն արել է` պատասխանելով հարցին, թե արդյոք Կրեմլը լուրջ սպառնալիք է համարում այս գիշեր թողարկված վիդեոհոլովակը, որտեղ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները Ռուսաստանին ջիհադ են հայտարարում:
Վերջիններս դիմում են Պուտինին ու սպառնում «գալ Ռուսաստան»:
«Լսի´ր, Պուտին, մենք կգանք Ռուսաստան և կսպանենք ձեզ ձեր տներում … Եղբայրնե´ր, եկեք ջիհադ իրականացնենք և կռվենք նրանց դեմ ու սպանենք նրանց»,- ասում է անապատում մի խումբ մարդկանցով շրջապատված տղամարդը:
Reuters-ի տեղեկություններով` դեռ հնարավորություն չկա ստուգել տեսահոլովակի հավաստիությունը, սակայն դրա հղումը տեղադրվել է ԴԱԻՇ-ի զինյալների կողմից օգտագործվող Telegram մեսենջերի օգտահաշվում: