«Սա ոստիկանական պետություն է, ոչ մի օրենք Հայաստանում չի գործում». Ավետիք Իշխանյան
«Երբ Ոստիկանությունը և ընդհանրապես ուժային կառույցները որոշում են որևէ ցույց ցրել և ինչ-որ օպերացիա են իրականացնում, դրա բաղկացուցիչ մասն է կազմում լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցներին չեզոքացելու խնդիր դնելը»,- այսօր կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների մասին:
Նրա խոսքով՝ Ոստիկանությունը «միջնադարյան մտածելակերպ» ունի. «Ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանն ասի՝ Ոստիկանությունը փոխվել է, բարեփոխումներ են եղել, դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, իրականում դա ցինիկ խաբեություն է»:
Հուլիսի 29-ին Ոստիկանության գործողությունների արդյունքում տուժած 1in.am կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն էլ պատմեց, որ շուրջ 2 օր կենտրոնի քննչական ծառայությունից զանգում էին իրենց տուն, իր բջջային հեռախոսահամարին՝ ասելով, որ մեկ ժամից կամ երկու ժամից կգան:
«Վերջապես երեկ հայտնվեցին: Ուզում եմ մի երկու տող կարդալ, թե ինչ հիմքերով են գործ հարուցել. 2016 թվականի հուլիսի 29-ին, ժամը 22:30-ի սահմաններում Սարի թաղում մի խումբ անձինք կազմակերպել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում մասնակիցները բռնություն են գործադրել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ոտքերով, ձեռքերով հարվածներ են հասցրել նրանց, քարեր են նետել, վնասել են գույքը, ինչի հետևանքով հասարակական անվտանգությունն են վտանգել: Այս գործի շրջանակներում ինձ ներգրավել են՝ որպես վկա, ոչ թե՝ որպես տուժող, ու պետք է ցուցմունք տամ այս գործով: Ես կապվեցի իմ խմբագրի հետ: Նա ասաց, որ վկայի կարգավիճակով ասելու ոչինչ չունենք: Քննիչը նշեց, որ, եթե ցուցմունքից հրաժարվում եմ՝ քրեական պատասխանատվության եմ ենթարկվում, ես ասացի, որ պատրաստվում եմ երկրից մեկնել, ավելի վաղ պլանավորել էի, որ վաղը պետք է մեկնեմ, ասաց՝ բացառվում է երկրից մեկնելը, ես հենց հիմիկվանից կդնեմ այդ արգելքը, դուրս գալուց էլ նշեց, որ ես ընդամենը բարդացնում եմ այդ գործընթացը, վկայից ինձ դարձնում եմ մեղադրյալ, թեպետ ինքը գիտեր, որ ես ընդամենը լրագրող եմ եղել այնտեղ»,- պատմեց լրագրողը:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարեց, որ սա ոստիկանական պետություն է.
«Պարզ չէ՞, նախագահականից ասել են՝ մի հատ գործ հարուցի, հետո էլ, ինչպես անցյալ տարի է եղել՝ ոչինչ չի լինի: Եթե այս ամեն ինչն իրենք արել են, ո՞ւմ դիմես: Ասում են՝ դիմեք դատարան, դիմեք դատարան… Երեկ լսեցի՝ Երևանի ոստիկանապետն ասում էր՝ «ես չեմ լսել նման բաներ, և եթե ինչ-որ բաներ կան՝ օրենքի շրջանակներում է եղել»: Զզվեցինք, ձեր օրենք էլ, դուք էլ. ոչ մի օրենք ՀՀ-ում չի գործում»:
Աշոտ Մելիքյանն էլ նկատեց, որ տուժած լրագրողները, քաղաքացիները, ցուցարարները իրավապահներին չեն հետաքրքրում.
«Լրագրողը վիրավոր ոտքով այդ իրադարձություններից հետո քննիչի մոտ է հայտնվում, իրեն չի հետաքրքրում, թե ով է իրեն այս օրը գցել իր պրոֆեսիոնալ պարտականությունները կատարելիս, նա նրան միայն որպես վկա է հետաքրքիր: Կոկրետ տուժած լրագրողները, քաղաքացիները, ցուցարարներն իրենց չեն հետաքրքրում, իրենց հետաքրքրում է միայն, թե իրապահներից ով է այնտեղ ինչ-որ հայհոյանք ստացել»: