BBC-ի անդրադարձը երևանյան իրադարձություններին

BBC-ն անդրադարձել է երեկ Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես՝ Ոստիկանության ներկայացուցչի սպանության փաստին:

Նշվում է, որ երեկ Ոստիկանության՝ զինյալ խմբին ներկայացրած վերջնագրի ժամանակը սպառվելուց հետո հազարավոր ցուցարարներ են ցուրս եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու «Սասնա ծռեր» խմբին:

Մոտ երկու շաբաթ գնդի տարածքը գրաված զինյալների պահանջն է՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, մասնավորապես, ընդդիմադիր առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, ով կոշտ քննադատության է ենթարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի նկատմամբ:

BBC-ն մեջբերում է նաև ՀՀ ոստիկանության Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա գտնվող մեքենայում մահացու վիրավորում է ստացել Ոստիկանության մեկ սպա:

Հաղորդվում է նաև, որ նախօրեին ոստիկանների գործողությունների հետևանքով ավելի քան 60 մարդ վնասվածք է ստացել, ներառյալ՝ լրագրողներ, ավելի քան 100-ը կալանավորվել է:

Հիշեցնենք, որ երեկ սպանվել է Ոստիկանության զորքերի ծառայող, 1986թ. ծնված Յուրի Տեպանոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս