ՄԻՊ ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» քկհ-ում տեսակցել են ՊՊԾ գնդի տարածքում վիրավորված անձանց
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: