Իտալիայում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հուլիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Իտալիայի նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան` հավաստիացնելով, որ Իտալիայի պետական ատյաններն իրենց աջակցությունը կբերեն Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված դեսպանի նախաձեռնություններին:
Դեսպան Բաղդասարյանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կներդնի՝ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները և առկա համագործակցությունը էլ ավելի խորացնելու ու ամրապնդելու ուղղությամբ:
Երկուստեք ընդգծվել է, որ երկու ժողովուրդների պատմական սերտ կապերն ու ընդհանուր արժեհամակարգը, ինչպես նաև Իտալիայում դարերի ներկայություն ունեցող հայ համայքը կարևոր հիմք են հանդիսանում Հայաստանի և Իտալիայի միջև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու համար: