Բաժիններ՝

«Լևոնի բախտը չբերեց ու, փաստորեն, ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը». փաստաբան

Լևոն Բարսեղյանի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Կարեն Մեժլումյանը` անդրադառնալով «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի ձերբակալմանը: Փաստաբանը նաև հրապարակել է այն գրությունը, որ Լևոն Բարսեղյանը թողել էր ձերբակալումից հետո:

«Սա սառը զենք կրելու կասկածանքով ձերբակալված Լևոն Բարսեղյանի թողած գրությունն է, որում նա նկարել է «սառը զենք» դանակը։ Դանակը ծալովի է, իսկ շեղբի երկարությունն է 8.5 սմ կամ 85 մմ։
Դա սառը զենք չէ։

«Զենքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի ժա) կետի համաձայն. «Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է` 1. Որպես քաղաքացիական և ծառայողական զենք` շրջանառության մեջ մտցնել (կարդա՝ կրել)՝ ժա) 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում»:

Հավանաբար քննիչը սառը զենք կրելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, փորձաքննություն է նշանակել և Լևոն Բարսեղյանին ձերբակալել է մինչև եզրակացություն ստանալը։

Մանրամասն չանդրադառնալով այն հարցին, որ այս դեպքում ձերբակալումն աբսուրդ է, ցանկանում եմ անդրադառնալ այն հարցին, որ քրեական գործ չպետք է հարուցվեր, քանի որ դանակի շեղբի երկարությունը չափելու համար հատուկ գիտելիք չի պահանջվում։ Պարզապես հետաքննիչը, այնուհետև՝ քննիչը պետք է վերցնեին սանտիմետրը, դնեին դանակի շեղբի վրա, չափեին դրա երկարությունը (նկարեին դա) և պարզելով, որ 91 մմ-ից կարճ է, ներողություն խնդրեին անհանգստություն պատճառելու համար և ազատ արձակեին։ Դրա համար կպահանջվեր մի քանի րոպե։

Բայց դե, Լևոնի բախտը չբերեց ու, փաստորեն, ընկել է սանտիմետրով չափել չիմացողների ձեռքը։

ՀԳ

Եթե անգամ շեղբը երկար լիներ 90 մմ-ից (1-ին պայման), դա դեռ չէր նշանակի, որ դանակը սառը զենք է, քանի որ սահմանված այլ ստանդարտներ էլ կան, որոնց պետք է համապատասխանի 90 մմ գերազանցող շեղբով ծալովի դանակը (դա պետք է լինի ավտոմատ բացվող, շեղբի ամրություն, հաստություն և այլն)։ Լևոնի դանակի դեպքում հենց 1-ին պայմանն է բացակայում, ուստի մնացածին անդրադառնալու անհրաժեշտություն չկա, և փորձաքննության անհրաժեշտություն չկար։

ՀԳ2

Կարծում եմ՝ Լևոնի ձերբակալումը և մինչ այդ ապօրինի պահումը պետք է շտապ բողոքարկվի դատարան։ Դատարանը նույն օրն իսկ նիստ է նշանակում և որոշում կայացնում»,- մասնավորապես գրել է Կարեն Մեժլումյանը:
Նշենք, որ Լևոն Բարսեղյանը գրության վերևում նկարել էր 1000 դրամանոց այն դանակը, որ ձերբակալության հիմք էր հանդիսացել:

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ։

Քննիչը որոշում էր կայացրել Լևոն Բարսեղյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։ Նա ձերբակալվել էր։

levon-2

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս