«Մենք թուլացնում ենք ինքներս մեզ…». Արամ Սարգսյան
«Դա բացարձակ անիմաստ և աօրինական գործողություն է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանը՝ խոսելով երեկ Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման ենթարկելու դեպքերի մասին:
Նա նկատեց, որ ոստիկանությունը դա բացատրում է նրանով, թե կասկածանք կա, որ մարդիկ ունեն կամ զենք կամ զինամթերք. «Այդպես կարելի է ցանկացածին փողոցից վերցնել, ինձ մոտ տպավորություն էր՝ կարծես Թուրքիայում լինեինք, որտեղ կատարվեց հեղաշրջման փորձ, և 13 հազար մարդ ձերբակալեցին, հիմա, Հայաստանում փողոցից են տանում: Սա ամենասխալ և վտանգավոր քաղաքական գիծն է, որը հիմա իշխանությունները տանում են, որովհետև հիմա իրենք պարտավոր են իրենց ժողովրդի առաջ առաջին հերթին հաշվետվությամբ հանդես գան՝ իրենց կատարածի համար, որովհետև ժողովուրդը պահանջներ է դրել իր առջև, որպեսզի նա կատարի ներքին լուրջ արմատական փոփոխություններ: Խոսքը միայն չի գնում զենքի ուժի պարտադրանքի մասին, բայց հասարակական կարծիքի պարտադրանքով պետք է անել»:
Ա. Սարգսյանը հայտարարեց, որ իրենք կարծում են, որ բաց երկխոսության կարիք կա, որովհետև, ըստ իրենց, իշխանությունը պարտավոր է իր ժողովրդի հետ խոսել այն բոլոր հարցերի շուրջ, որոնք հուզում են մարդկանց: Նա նկատեց, որ այսօր մենք ունենք արտաքին լուրջ մարտահրավերներ: Նրա կարծիքով՝ իշխանությունները ԼՂՀ հիմնահարցի վերաբերյալ պետք է ունենան հստակ դիրքորոշում և դա պետք է հայտնի լինի հասարակության բոլոր անդամներին:
«Սերժ Սարգսյանը, երբ նոր էր սկսել իր իշխանության տարիները, երեք անգամ հրավիրեց կուսակցությունների ղեկավարներին և քննարկեց այդ պահին ամենալուրջ, կարևորագույն հարցերը, և դա բավականին իր հետևանքը թողեց, եկանք ինչ-որ եզրակացության, ինքը եկավ ինչ-որ որոշումների, հիմա այնպիսի պահ է, որ անհրաժեշտ է մարդկանց հետ խոսել, խորհուրդ անել, հասկանալ՝ ինչ ձևով կարելի է հանգուցալուծումը տալ այս ամբողջ իրավիճակին, հակառակ պարագայում մենք կհայտնվենք շատ ծանր իրավիճակում: Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպես կավարտվի այս ամենը, և եթե նոր ֆորսմաժոր լինի, արտաքին աշխարհը կարող է փորձել դրանից օգտվել: Մենք թուլացնում ենք ինքներս մեզ, ու այդ բոլոր մարտահրավերներին պատրաստ չենք լինելու դիմագրվել»,-նշեց Ա. Սարգսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: