«Աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում». Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիոսկոսի կարծիքով` Եվրոպայում ջիհադիստների հարձակումների վերջին ալիքը ապացույցն է այն բանի, որ աշխարհը գտնվում է պատերազմական վիճակում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սակայն, ինչպես նա է բացատրել, խոսքը ոչ թե կրոնների միջև պատերազմի մասին է, այլ շահերի և դրամական ռեսուրսների կոնֆլիկտի:
Նման ելույթով է Հռոմի պապը հանդես եկել լրագրողների առաջ Լեհաստան այցի նախօրեին` պատասխանելով ֆրանսիացի ջիհադիստների կողմից կաթոլիկ հոգևորականի սպանության մասին հարցին:
Հիշեցնենք, որ հայր Ժակ Ամելիին սպանել էին Սենտ-Էտիեն-դյու-Ռուվր քաղաքի եկեղեցում առավոտյան պատարագի ժամանակ:
«Մեզ մշտապես ասում են անվտանգության հետ կապված խնդիրների մասին, թեև իրականում այն, ինչ տեղի է ունենում, բնորոշվում է «պատերազմ» բառով: Մենք պետք է դադարենք վախենալ ճշմարտությունը ընդունելուց: Մենք գտնվում ենք պատերազմի վիճակում, քանի որ կորցրել ենք խաղաղությունը»,- հայտարարել է Հռոմի պապը:
«Երբ ես խոսում եմ պատերազմի մասին, ես խոսում եմ շահերի, փողի, ռեսուրսների համար մղվող պատերազմների մասին, այլ ոչ թե կրոնի: Բոլոր կրոնները ցանկանում են խաղաղություն, պատերազմ ցանկանում են այլ մարդիկ»,- հավելել է նա: