«Ժողովրդի դուրս չգալը փաստացի ասում է, որ՝ մենք ձեզ չենք ճանաչում, չենք վստահում. մեր ժողովուրդը թեթևսոլիկ ժողովուրդ չի, ամեն կրակոցից դուրս չի գալիս փողոց». Սոս Գիմիշյան
![](https://168.am/wp-content/uploads/2016/07/13664298_1181345958588491_1724407111_n.jpg)
«Երբ իշխանությունների գործելակերպի արդյունքում ամբողջ ժողովուրդը սկսում է խոսել, որ խնդիրը պետք է լուծել՝ խփելով, ապա բոլոր հնարավոր տարբերակները կանխելն անհնարին է»,- այսօր հրավիրված ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբի գործողությունների և դրանց հետևանքների մասին:
Խմբի անդամների կողմից Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը գրավելը Ս. Գիմիշյանը չի համարում ահաբեկչություն: Նրա բնորոշմամբ՝ այն ապստամբություն է ոչ թե՝ պետության դեմ, այլ՝ իշխանության, որի պատճառն իշխանության գործելակերպն է.
«Սա բնական է: Ճիշտ է, ես համարում եմ, որ երբեք ապստամբությունները դրական արդյունք չեն բերում, բայց կա հասարակական կարծիք, պատվեր, և մարդիկ գործում են այդ պատվերի ներքո»:
Նա մեծ վտանգ է տեսնում, որ այդ ապստամբությունները սկսեն ուղղորդել.
«Աստված չանի, որ արտաքին ուժերը սկսեն խառնվել՝ նպատակ ունենալով Հայաստանում քաոս ձևավորել, որն արդեն սպառանալիք կլինի մեր պետությանը, ոչ թե իշխանությանը»:
Ս. Գիմիշյանը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ չտեսավ, որ իշխանությունները պատրաստ են գնալ ինչ-ինչ փոփոխությունների.
«Հակառակը՝ իշխանությունների գործողություններում նկատվում են դեպքեր՝ կարծես, սրեն, շիկացնեն իրավիճակը: Իշխանությունը պետք է ոչ մի դեպքում հարձակում չգործի, քանի որ այդ հարձակման դեպքում՝ երկկողմանի զոհեր ենք ունենալու, որից հետո արդեն անհնարին կլինի խոսել, պայմանավորվել, հասկանալ, մտածել, այնպես գործել, որ պետությանը վնաս չհասցվի»:
Ըստ բանախոսի՝ իշխանությունները պետք է առաջարկեն, որ պատրաստ են այսինչ քայլերին գնալ, պայմանավորվեն, և սկսեն այդ օրակարգը կատարել:
«Բոլոր նման իրավիճակներում տարբեր երկրներում, Հայաստանում էլ, օրինակ, Մարտի 1-ին, չգիտես՝ որտեղից, հայտնվում են դիպուկահարներ, որոնք երկու կողմի վրա էլ կրակում են, արյուն է թափվում, որից հետո լիակատար քաոսի է վերածվում երկիրը: Մեծ մտավախություն ունեմ, որ կարող է ցանկացած պահի Հայաստանում նույնը տեղի ունենալ: Հետո այդ դիպուկահարները կորում են, վերանում են: Իշխանությունը չի ցանկանում բացահայտել, առանց իշխանության հետ համաձայնեցված լինելու՝ այդ դիպուկահարները չեն կարող գործել երկրում»,- նշեց Ս. Գիմիշյանը:
Նա համոզված է՝ եթե այս վիճակը երկարաձգվի, ապա դրսի ուժերը հաստատ օգտագործելու են այն՝ ի վնաս Հայաստան պետության, հայ ժողովրդի: Հարցին՝ եթե ժողովուրդը դժգոհ է, ինչո՞ւ դուրս չի գալիս փողոց, Ս. Գիմիշյանը պատասխանեց, որ ապստամբների քայլերը և ժողովրդի փողոց դուրս գալը լուրջ ճնշում կլինեն իշխանությունների նկատմամբ:
«Ժողովուրդը դուրս է գալիս փողոց այն դեպքում, երբ լիակատար վստահում է, բայց չկա այդ վստահությունը: Ցավոք սրտի, այսօրվա օրոք մենք չունենք այն քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների խումբը, որոնք դուրս կգան, կասեն իրենց հստակ խոսքը, դիրքորոշումը, որին կվստահի ժողովուրդը: Ժողովրդի դուրս չգալը փաստացի ասում է, որ՝ մենք ձեզ չեն ճանաչում, չենք վստահում: Շատ հաճախ ժողովուրդը ողնաշարով է զգում՝ ինչ պետք է անի, մեր ժողովուրդը թեթևսոլիկ ժողովուրդ չի, ամեն կրակոցից դուրս չի գալիս փողոց, ու դա շատ լավ է: Բայց երբ դուրս է գալիս, այնպես է դուրս գալիս, որ թափ է տալիս ամբողջ աշխարհը: Ես կուզենայի՝ օժանդակություն լիներ, բայց մինչև այս քայլին դիմելը Ժիրայր Սէֆիլյանը և իր ընկերները բազմաթիվ միտինգներ են արել, և երևացել է, որ դեռևս այդ վստահությունը չկա»,- եզրափակեց Ս. Գիմիշյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: