Սարի թաղում ուժեղացված հսկողություն է. քննչական գործողություններ են կատարվում
Տեղեկություններ են տարածվել, որ Սարի թաղում ուժեղացված հսկողություն է, և, որ դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում, երեկվա միջադեպի հնարավոր մասնակիցներին իրավապահները ձերբակալում են: ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Սարի թաղ կոչվող թաղամասում երեկ ոստիկանների ու տեղի բնակիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալվել է մեկ անձ:
Հաղորդագրության մեջ ասվում էր.
«Իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 20-ին ձերբակալվել է 1 անձ։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ձերբակալվել է Երևանի բնակիչ, 1978թ. ծնված Հ.Թորոսյանը:
Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 հուլիսի 19-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող Գլինկայի և Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձինք բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող Ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ քարեր և այլ կոշտ առարկաներ նետելով նրանց ուղղությամբ։ Կիրառված բռնությունների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Ոստիկանության 6 աշխատակից։
Ոստիկանության 6 ծառայողներ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել։ Քրեական գործի նախաքննության ընթացքում ներբեռնվել և ուսումնասիրվել են դեպքի վերաբերյալ համացանցում առկա տեսագրությունները և հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ Ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ պատճառած, տեսանյութերում պատկերված անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Երևանի Սարի թաղ կոչվող թաղամասի մի խումբ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել: Բնակիչները՝ մի խումբ տղամարդիկ, երեկ փորձել են գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները փորձել են կանխել:
Տեսանյութում՝ Սարի թաղի բնակիչների և ոստիկանների միջև բախումը: