«Ժողովուրդը սկսել է հավաքվել՝ ի պատասխան բիրտ ուժի, որը կիրառվել է Ոստիկանության կողմից». Լարիսա Ալավերդյան

ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձություններին՝ ասաց, որ այդ ամենը պատկան մարմինների բացթողումների մասին է խոսում, պետությունը պետք է ունենա կայացած, լավագույն ձևով գործող ուժային կառույցներ:

«Պատշաճ ձևով մեր պատկան մարմիններն ու գերատեսչությունները պատրաստ չեն այսպիսի գործողությունների»,- ասաց նա:

Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ ասաց, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունն «իմիտացիոն կառույցներ են», որոնք իրենց դերը տեսնում են միայն քաղաքացիներին փողոցում ծեծելով, երիտասարդներին քաշքշելով, նվաստացնելով ու հայհոյելով:

«Բայց գրագետ կառույց, որը կարող է կանխել, որը գիտի՝ ինչպես բանակցություններ վարել այսպիսի իրադրության մեջ, ինչպես խոսել դիմացինի հետ, ինչպես սանձահարել այս ամենը, փաստորեն, չենք տեսնում»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանն ավելացրեց, որ այս իրավիճակներում պահանջվում է, որպեսզի Ոստիկանությունը կոռեկտություն ցուցաբերի, որովհետև դժգոհության արմատներից մեկն էլ դա է՝ իշխանության մի կողմ քաշվելը, Ոստիկանությանն առաջ մղելը, ինչպես նաև՝ Ոստիկանության գործողությունները: Նա նշեց, որ պատահական չէ, որ ժողովուրդը սկսել է հավաքվել՝ ի պատասխան բիրտ ուժի, որը կիրառվել է Ոստիկանության կողմից:

Ըստ Անահիտ Բախշյանի՝ «Սասնա ծռերը» պետք է ընդունի, որ պատասխանատու է այս ամենի համար, զինաթափվեն, ասեն, որ պատրաստ են իրենց պահանջները դատարանում բարձրաձայնել:

Տեսանյութեր

Լրահոս