Օբաման և Էրդողանը քննարկել են Գյուլենի արտահանձնման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ հեռախոսազրույց են ունեցել, որը վերաբերել է իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքական կողմը ձգտում է ամերիկյան կողմից հասնել Գյուլենի արտահանձնմանը: Ինչպես հայտնում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը:

Նրա խոսքով՝ երկու երկրների նախագահները քննարկել են ամերիկաբնակ Գյուլենի կարգավիճակը:

«Թուրքիայի կառավարությունը ԱՄՆ կառավարությանն է ներկայացրել էլեկտրոնային նյութեր, որոնք վերաբերում են պարոն Գյուլենի կարգավիճակին: Պետդեպարտամենտն ու ԱՄՆ արդարադատության նախարարությունը կուսումնասիրեն այդ նյութերը՝ համաձայն արտահանձնման մասին համաձայնագրի, որը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գործում է ավելի քան 30 տարի»,- հայտարարել է Էռնեստը ճեպազրույցի ժամանակ:

Հաղորդագրության համաձայն՝ Օբաման և Էրդողանը քննարկել են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետաքննության շուրջ իրավիճակը:

«Նախագահ Օբաման առաջարկել է բազմակողմ օգնություն ցուցաբերել պետական հեղաշրջման փորձի հետաքննության հարցում»,- ասել է Էռնեստը:

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Օբաման հաստատել է ԱՄՆ աջակցությունը ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը, սակայն նշել է, որ հեղաշրջման դեպքերի փորձերի հետաքննությունը պետք է տեղի ունենա՝ համաձայն «ժողովրդավարական գործընթացների»:

Տեսանյութեր

Լրահոս