«Այո՛, դանակը հասել է ոսկորին, այո՛, էլ դիմանալու տեղ չկա, բայց ինչպե՞ս են իրենք տեսնում այդ հարցի քաղաքական լուծումը». Անահիտ Բախշյան

Այն, ինչ այս օրերին կատարվում է Երևանում, չափազանց մտահոգիչ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

«Սա քաղաքական լուծում պահանջող վիճակ է: Քաղաքական լուծում փորձում է առաջարկել մի ուժ, որը քաղաքական չէ: «Հիմնադիր խորհրդարանը» քաղաքական կարգավիճակ չունցող ուժ է»,- ասաց Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ նրանց դիմաց իշխանությունն է, որը անհաղորդ է.

«Այսօր Հայաստանում՝ Երևանում միայն ոստիկանական մարմիններն են երևում, նույնիսկ ոստինակապետը չի երևում, և չենք հասկանում իշխանությունն՝ ի դեմս նախագահի, Ազգային ժողովի, կառավարության՝ ի՞նչ են մտածում, ի՞նչ են ասում կամ ինչպե՞ս են տեսնում հանգուցալուծումը: Բանակցություններ ասվածը, որ գրվում է լրատվությամբ, ինչ է նշանակում, ի՞նչ բանակցությունների մասին է խոսքը: 99 տոկոսը դեմ են արյունահեղությանը: Ժողովուրդն արյունհեղությանը դեմ է:

Պատային է, մի փակուղի է, որից դուրս գալու համար շատ լուրջ իմաստություն է պետք երկուստեք, պիտի ինչ-որ զիջումների գնան, բայց երկու կողմն էլ այծի նման հայտնվել են մի նեղ կամրջի վրա, ոչ մեկը մի միլիմետր չի ուզում զիջել: Արդյունքում շատ վատ բաներ կարող են լինել: …Ասում ենք՝ մեր երկրում քաղաքական ճանապարհով լուծում չի կարող լինել:

Այո՛, այդպես է, բայց ընդամենն ուզում եմ հիշեցնել 2013թ., երբ նախագահական ընտրություններ էին, և «Ժառանգությունն»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, միայնակ 37 տոկոս հավաքեց: Հիմա պատկերացրեք, եթե այդ ժամանակ իրեն ոչ քաղաքական հայտարարած այս ուժը կանգներ ամեն ընտրատեղամասում, պաշտպաներ քաղաքացու ընտրական իրավունքը, ձայնը, և կլիներ ոչ 37, այլ 57 տոկոս», և ինչքա՞ն բան կփոխվեր Հայաստանում»,- շարունակելով ասաց Անահիտ Բախշյանը:

Նա նշեց, որ պետք է քաղաքական պայքար լինի, բանակցությունները լինեն քաղաքական հարթակի վրա: «Այո՛, դանակը հասել է ոսկորին, այո՛, էլ դիմանալու տեղ չկա, բայց ինչպե՞ս են իրենք տեսնում այդ հարցի քաղաքական լուծումը: Ես ուզում եմ հնչեցնել այս հարցը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս