Աշոտ Աղաբաբյան. «Ընդդիմությունը մահանա է ման գալիս, որ գա իշխանության, ասում է՝ հող են ուզում տալ… ինչի Սեֆիլյանը մեզնից լա՞վ կռված տղա ա, ո՞վ ասաց». «Հրապարակ»

Հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն իշխանության բացառիկ «անվախներից» է, որը վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ համարձակվեց կարծիք հայտնել։

– Պարոն Աղաբաբյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ ազատամարտիկները գնացին նման ծայրահեղ քայլի։

– Եթե Սեֆիլյանի մոտ զենք են հայտնաբերել, նրան կալանավորել են, իսկ այդ տղաներն անօրինական զենքով են մտել, որ նրան ազատեն՝ ապացուցելով, որ Սեֆիլյանին իզուր չեն կալանավորել։ Էդ զենքերը որտեղի՞ց էդ տղաներին։ Չի հստակեցված՝ ինչի համար ազատենք Սեֆիլյանին։

– Խումբը նաև Սերժ Սարգսյանի հրաժարականի, ինչպես նաև Արցախի տարածքները չվերադարձնելու պահանջներ է առաջ քաշում։ Հանրության դժգոհ շրջանակներում տեսակետ կա, որ իշխանությունների տարիների անգործությունը, կուտակված խնդիրները, երկրում տիրող անարդարությունը և այլն հանգեցրին այս քայլին։

– Մենք պետություն ենք, որը կանգնած է մեծ պրոբլեմի առաջ, Ադրբեջանն ուզում է իբր թե իր տարածքները հետ վերցնի, որոնք, սակայն, իր տարածքները չեն, պատմական տարածքներ են։ Մենք դեռ պատերազմի մեջ ենք, մեզ պե՞տք է Հայաստանում հեղափոխություն, հեղաշրջում անենք։ Ոնց որ ես նստած լինեմ, իմ անկախության բանակի տղաները նման բան անեն, ո՞նց կանեն։ Չի կարելի երկրում քաղաքական խնդիրները զենքով լուծել։ Կան քաղաքական ակցիաներ։ Ես մի բան էլ ասեմ, իհարկե, սպանվողին ես շատ եմ ափսոսում՝ միլիցիայի աշխատակցին, բայց թուրքեր չէին, էլի, պիտի հասկանային, որ հայեր են ներխուժել, ու իրար դեմ կրակոց է գնացել, պետք էր դա հասկանալ:

– Տարիներ շարունակ քաղաքական ակցիաներն ապարդյուն են անցել, իշխանությունը կամ անդրդվելի է մնացել, կամ բռնություն է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ։ Չե՞ք կարծում, որ բոլոր գործիքներն սպառել եք, ու դրա համար են մարդիկ ծայրահեղությունների գնում։ Ընդդիմությանն այնպես եք ճզմել, որ հիմա հատուկենտ ընդդիմադիրներ են այս միջադեպի ժամանակ ձայն հանում։

– Իմ կարծիքով՝ այդպես չէ, բոլոր գործիքներն էլ տեղում են։ Օրինակ, Ղազախստանում Նազարբաևը հելավ ասեց, որ էսպես պիտի լինի, էնպես պիտի լինի, թող մեր մոտ էլ պահանջեն, որ նախագահը բացատրի՝ մենք հող տվո՛ղ ենք, թե՞ հող տվող չենք։ Մենք հող տվող չենք։ Ես չեմ էլ հավատում, որ մեր նախագահը փաստաթուղթ պետք է ստորագրի հողերը տալու։ Նույնիսկ Լևոնը չտվեց, հրաժարական տվեց, բայց հող չտվեց, ո՞նց կարող ա պատահի պատերազմի մասնակից մարդը, որը երկրի նախագահն է, հանկարծ հող տա։ Ընդդիմությունը մահանա է ման գալիս, որ գա իշխանության, ասում է՝ հող են ուզում տալ։ Ինչի Սեֆիլյանը մեզնից լա՞վ կռված տղա ա, ո՞վ ասաց։ Չպտի լիներ նման բան, հիմա էլ պիտի այնպես անենք, որ արյունահեղություն չլինի, ես ուղղակի խնդրում եմ այդ տղաներին, որ զենքը վայր դնեն, էդ ձևով խնդիր չի լուծվում։ Ոչ մի հստակ բան չկա հող հանձնելու, ոչ ստորագրություն կա, ոչ մի բան, ինչի են իրանք՝ մի հատ սար են գտնում, ուզում են նվաճել, ու բոլորը խփնվում են։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս