Սերժ Թանկյանը՝ Երևանում կատարվող իրադարձությունների մասին
Աշխարհահռչակ System of A Down խմբի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Երևանում ծավալվող իրադարձություններին:
Խոսելով այն մասին, որ աշխարհը կարծես կորցրել է իր կառավարումը, որտեղ սկսել է ավելանալ ծայրահեղականությունը, քսենոֆոբիան, ֆանատիկ մտածողությունն ու գործողությունները, վերջինս անդրադարձել է նաև ԱՄՆ-ում սևամորթների սպանություններին, Թուրքիայում կատարվող իրադարձություններին, Հայաստանում ոստիկանությունների գործողություններին՝ ուղղված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ, ԴԱԻՇ-ի կողմից Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում խաղաղ բնակիչների սպանություններին:
Երաժիշտը կարծում է, որ Հայաստանը կարիք ունի հաղթահարել խորհրդային կոռուպցիոն հիերարխիկ կառավարման համակարգը, որը ավերում է երկիրը՝ անկախությունից ի վեր:
«Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցության, հավասարության գիտակցությունը միշտ հաղթելու է հատկապես տնտեսական էգալիտարիզմի (կոնցեպցիա, որի հիմքում ընկած է հասարակության ստեղծման գաղափարը՝ հավասար քաղաքական, տնտեսական և իրավական հնարավորություններով) միջավայրում:
Պատմության մեջ ևս մեկ սև օր կարելի է հաղթահարել ինտելեկտի, զսպվածության և արդարության շնորհիվ»,- գրել է երաժիշտը: