Բաժիններ՝

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսի թաղման կապակցությամբ կստեղծվի կառավարական հանձնաժողով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է.

«ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ հուլիսի 19­ին, կյանքի 71­րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսը (Դավիթ Հրաչյայի Հովհաննիսյան):

Դավիթ Հովհաննեսը ծնվել է 1945 թ. փետրվարի 17­-ին Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: Նա աշխատել է Հայաստանի պարբերական մամուլում, «Հայֆիլմ» կինոստուդիայում, անտիկ և արտասահմանյան գրականության պատմություն է դասախոսել Հայաստանի մի շարք բուհերում: 1975 թվականից Հայաստանի Գրողների միության անդամ էր:

1980-­1990 թթ. հայկական հեռուստատեսությունում վարել է «Նորք» ամենամսյա գրական հանդեսը: Եղել է «Արևիկ» հրատարակչության տնօրենների խորհրդի նախագահը, 1999­ 2003 թթ.՝ ՀՀ Ազգային Ժողովի 2­րդ գումարման պատգամավոր: Հովհաննեսը թարգմանել է մերձբալթյան, ռուս, ուկրաինացի, ամերիկյան դասական բանաստեղծներից:

Ռուսերեն և անգլերեն թարգմանաբար լույս են տեսել նրա բանաստեղծական երեք ժողովածուները, ծավալուն շարքերով մշտապես ներկայացվել է հայ պոեզիայի օտարալեզու անթոլոգիաներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս