«Երևանում տեղի ունեցող իրադարձությունների նման զարգացումը Բաքվի օգտին է». Տրոֆիմչուկ

«Նման իրավիճակում Ղարաբաղյան պատերազմն ավելի իրատեսական է թվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Երևանում ծավալվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել են ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը և մի քանի ոստիկանների պատանդ վերցրել: Իրավիճակն անփոփոխ է շուրջ երեք օր: Նրանց և իշխանությունների միջև բանակցությունները շարունակվում են: Խմբավորման անդամներն իշխանությանն են ներկայացրել իրենց պահանջները:

Տրոֆիմչուկը նշեց, որ գլխավոր գործոններից մեկը, որը «Սասնա ծռեր» խմբավորմանը մղեց գրավել ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի շենքն ու պատանդներ վերցնել, ապրիլյան պատերազմից և ժամանակավոր հրադադարից հետո ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի անհասկանալի զարգացումն է: Ինչպես, ըստ ռուս վերլուծաբանի, հայտնի է, խմբի անդամները պատերազմել են Ղարաբաղում, և ներկայումս նրանք իրենց կողմնակիցների հետ որոշել են ակտիվացնել հարցը՝ հայտեր ներկայացնելով իշխանությանը:

«Կոչ անելով, երկար չմտածելով, Հայաստանին միացնել Ղարաբաղը, ինչպես նաև պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականն, ով իբր թե պատրաստվում է տրվել «ռուսական ճնշումներին» և տարածքների մի մասը հանձնել Ադրբեջանին: Կարծում եմ, որ հետագայում ահաբեկչական ակցիաների հետ կապված՝ խնդիրը խորանալու է, քանի որ հասարակությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում իր շուրջ, և ամենակարևորը՝ ինչ սպասել վաղը:

Իսկ անհայտությունը միշտ վախեցնում է: Ուղիղ կասեմ՝ իրադարձությունների նման զարգացումը Բաքվի օգտին է, քանի որ Բաքուն արդեն կարող է լիովին հիմնավորված հայտարարել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին միացել են ահաբեկիչները: Երևանում դեռ չկա այն լայն բողոքական ալիքը, որի հետ հույսեր էին կապել զավթիչները, սակայն նման ալիք կարող է բարձրանալ ցանկացած պահի:

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ ու հստակ իշխանությունը կկարողանա լուծել առկա խնդիրը: Դեռևս ժամանակն իշխանության դեմ է աշխատում: Այդ մարդկանց հերոսացնում են նրանց կողմնակիցներն, ում ներկայումս ձեռնտու է իրավիճակի մաքսիմալ լարումը»,- նման տեսակետ հայտնեց Գրիգորի Տրոֆիմչուկը՝ շարունակելով, որ նման բռնի ակցիաների շնորհիվ Ղարաբաղյան խաղաղ բանակցությունների ընթացքը միանշանակորեն բարդանում է: Նրա համոզմամբ, այս ֆոնին պատերազմն ավելի իրատեսական է թվում:

Տեսանյութեր

Լրահոս