«Հայաստանի քաղաքացիների վրա, անկախ նրանից՝ նա զինվորական է, ոստիկան է, թե սովարական քաղաքացի, մտավորական, բանվոր՝ չի կարելի կրակել». Ազատ Արշակյան

«Հայաստանի Հանրապետությունում զենք օգտագործելու մոնոպոլիա կա: Դա ՀՀ զինված ուժերն են: Միայն զինված ուժերն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում զենք կրել և օգտագործել: Մյուս բոլոր քաղաքացիներն օրենքով սահմանված կարգով զենք կարող են կրել ինքնապաշտպանության համար: Մյուս բոլոր դեպքերում դա հանցագործություն է: Հայաստանում զենք օգտագործել որևէ նպատակի համար, եթե դա ինքնապաշտպանություն չէ, հանցագործություն է: Զենք օգտագործել չի կարելի: Հայաստանի քաղաքացիների վրա, անկախ նրանից՝ նա զինվորական է, ոստիկան է, թե սովարական քաղաքացի, մտավորական, բանվոր, չի կարելի կրակել, զենք չի կարելի օգտագործել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, ԽՍՀՄ քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը` խոսելով Երևանում այսօր առավոտից կատարվող իրադարձությունների մասին:

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչները, «Սասնա Ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են Ոստիկանության Էրեբունու շրջանի գումարտակը և որոշ ոստիկանների պատանդ են վերցրել: Նրանք պահանջում են իրենց առաջնողրդ Ժիրայր Սէֆիլյանի ազատ արձակումը և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Երկրորդը` հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում արգելված է: ՀՀ-ում չի կարող հեղափոխություն լինել: Մենք մի հեղափոխություն ունեցել ենք 1920թ., ունեցել ենք Հեղկոմ: Դրա հետևանքները եղել են Հայաստանի հսկայական տարածքների, անկախության կորուստը և հայ ժողովրդի, հայ մարդկանց մահը, զոհաբերությունը: Հեղափոխություն և հեղկոմներ ես չեմ ճանաչում: Երրորդը` ՀՀ քաղաքացիները երկու անգամ բոլորովին վերջերս` 1990թ. ընտրությունների ժամանակ, գերագույն խորհրդի պատգամավորներին ընտրեցին` առանց հաշվի առնելու իշխող կուսակցության, իշխող ուժերի կարծիքը: Ընտրեցին ՀՀ-ն անկախ հռչակող Գերագույն խորհուրդ, որը սովետական միության իշխանության օրոք է եղել: Այսինքն` սովետական իշխանության դեմ հայ ժողովուրդը կարողացավ ընտրել գերագույն խորհուրդ, այսինքն` կատարեց իշխանափոխություն: Երկրորդը` 1991թ. հայ ժողովուրդն 95 տոկոսով հակառակ իշխանության կամքի, Հայաստանն անկախ հռչակեց: Այսինքն` հայ ժողովուրդը, եթե նպատակ է ունենում, այդ նպատակին հասնում է քաղաքակիրթ ճանապահով` ընտրությունների միջոցով: Ես կարծում եմ, որ հեղափոխության և հեղկոմների կարիք չկա»,- ասաց նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:

Տեսանյութեր

Լրահոս