Բաժիններ՝

Փարիզում կխոնարհվեն դրոշները ի հիշատակ Նիսի ահաբեկչության զոհերի

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դրոշները կխոնարհվեն` ի հիշատակ Նիսում հուլիսի 14­ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ­ը, նման որոշում է ընդունել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:

Ահաբեկչությունից հետո Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ և կատարվածն անվանել «բացարձակ դաժանության գործողություն»: «Մեր երկրին հարված է հասցվել նրա ազգային տոնի օրով:

Հանցագործության ահաբեկչական բնույթն ակնհայտ է»,­ ասել է Օլանդը:
Նա հայտնել է երկրում արտակարգ դրությունը ևս երեք ամսով երկարացնելու իր որոշման մասին: Օլանդի խոսքով` «Ֆրանսիան հայտնվել է իսլամական ահաբեկչության վտանգի ներքո»:

Հայտնի է, որ Ֆրանսիայի նախագահը մայրաքաղաքում համապատասխան կառույցների հետ ունեցած խորհրդակցություններից հետո հուլիսի 15­ին`օրվա երկրորդ կեսին կայցելի Նիս:

Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14­ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84­ի: Եվս 18 մարդ գտնվում է ծայրահեղ վիճակում:

Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է ոստիկանների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս