«Հայերի կյանքի նկատմամբ անտարբեր մի ռուսական զորահրամանատար կարող է որոշում կայացնել՝ այս ինքնաթիռը խոցվի՞, թե՞ չխոցվի». Վովա Վարդանով

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարդանովն այսօրվա ասուլիսին անդրադառնալով հայ-ռուսական ՀՕՊ պայմանագրին՝ ասաց, որ վտանգներ կան, որոնք կարող են բխել Հայաստանի թուլությունից. «Վերջիվերջո, հայերի կյանքի նկատմամբ անտարբեր մի ռուսական զորահրամանատար կարող է որոշում կայացնել՝ այս ինքնաթիռը խոցվի՞, թե՞ չխոցվի, իսկ այդ ինքնաթիռը կարող է՝ գալիս է ատոմակայանին խփելու համար: Մենք պետք է պինդ լինենք, եթե մենք պինդ լինենք, կարող ենք ստիպել, որ ամեն ռուսական հրամանատարի կողքին ունենանք հայկական կոմիսար՝ մաուզերով, որ, եթե իրեն սխալ պահի՝ գլխից գնդակահարես: Դա նորմալ պրակտիկա է. երբ օտարազգի բանակը մի պետության տարածքում է գտնվում, շատ լուրջ ստուգող ֆունկցիաներ տեղական իշխանություններն ունենում են»:

Սակայն, ըստ նրա՝ համաձայնագիրն ունի նաև ՀՀ-ի համար դրական դրույթներ. «Թուրքերը ոչ մի օդանավ չեն կարող բարձրացնել Արևմտյան Հայաստանի տարածքում, որը մենք չկարողանանք տեսնել և խոցել՝ ռուսների հետ համագործակցելու արդյունքում: Խնդիրն այլ է` ռուսը կցանկանա՞ խոցել: Եթե պինդ լինենք, կցանկանա, եթե պինդ չլինենք, չես կարող ասել: Թե չէ՝ լավ համակարգ ունեն: Իրենք հիմա մինչև Սիրիայի սահմանի օդը հսկողության տակ են պահում: Մինչև Վանա լիճ կարող են խոցել ցանկացած թռչող բան: Կարող են օդանավ խոցել Իրանի կողմից մինչև Թավրիզ: Կարճ ասած՝ դրականը շատ-շատ է, բայց կա մի բացասական, որ այդ սաղ դրականը աղբարկղն է նետում: Այդ բացասականն այն է. բա որ հանկարծ Ռուսաստանի հրամանատարը որոշի չխառնվել, կամ ռուսական քաղաքական էլիտան այդ պահին մի քիչ ավելի թուրքասեր լինի: Կամ ռուսները կուզենա՞ն Ղարաբաղը և Տավուշը պաշտպանել Ադրբեջանից. կասկածելի է, չեմ հավատում: Այդ մի բացասականը հարյուր դրականը ոչնչացնում է»:

Տեսանյութեր

Լրահոս