Բաժիններ՝

Պաշտոնատար անձանց կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքը բացահայտվել է

Քաղաքացի Հակոբ Հ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Հակոբ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2012 թվականի հուլիսից մինչև 2015 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց վարորդական վկայական ունենալու, որպես վարորդ աշխատել է տարբեր տաքսի ծառայություններում: Տաքսի ծառայության սեփականատերը տեղեկանալով, որ ինքը վարորդական վկայական չունի, տվել է ոմն Ա. Թ.-ի համարը և ասել, որ ճանապարհային ոստիկանների հետ խնդիրներ ունենալու դեպքում դիմի վերջինիս: Մեկ այլ տաքսի ծառայությունում աշխատելու ժամանակ ևս սեփականատիրոջը հայտնել է, որ իրականում ինքը վարորդական վկայական չունի, սակայն վերջինս իրեն տվել է մեկ այլ անձի՝ Գ. Ս.-ի հեռախոսահամարը և ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտում թույլ տալու համար ոստիկանների կողմից իրեն կանգնեցնելու դեպքում դիմի Գ. Ս.-ին: Ինքը հիշյալ ժամանակահատվածում թույլ տված ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար բազմիցս դիմել է Ա. Թ.-ին և Գ. Ս.-ին, իսկ վերջիններս հեռախոսազրույցներ են ունեցել ճանապարհային ոստիկանների հետ: Արդյունքում՝ բոլոր դեպքերով ոստիկանության ծառայողներն առանց արձանագրություն կազմելու, իրեն թույլ են տվել հեռանալ:

2016 թվականի մայիսն ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից տեղեկացել է, որ 2013-2015թթ. ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար իր անվամբ կայացվել են վարչական տույժ նշանակելու վերաբերյալ բազմաթիվ որոշումներ, որոնցով վճարման ենթակա վարչական տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 20 մլն. ՀՀ դրամ: Ընդ որում՝ հիշյալ տաքսի ծառայություններում աշխատելու ընթացքում իրեն ամրակցված են եղել մեկական ավտոմեքենաներ, մինչդեռ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները ոստիկանների կողմից հիմնականում կայացվել են այլ ավտոմեքենաների վարորդների կողմից խախտումներ կատարելու համար:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խաբեության եղանակով գույքի տիրապետողին առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս