Հայաստանում կմեկնարկի զորացրվող զինծառայողների տեխնոլոգիական կրթության և զբաղվածության ապահովման ծրագիրը
Հայաստանում նախաձեռնել են «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ) տեղեկացնում են, որ ծրագրի նպատակն է ինժեներական հիմնարար գիտելիքներ և հմտություններ փոխանցել ապրիլյան մարտական գործողությունների մասնակից, զորացրված կամ առաջիկայում զորացրվող ժամկետային զինծառայողներին, վիրավոր զինածառայողներին, նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին:
Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում աճող ակտիվությունը և մասնագետների պահանջարկը շուկայում՝ ծրագիրը միտված է լուծելու դասընթացն ավարտած անձանց զբաղվածության խնդիրը, ինչպես նաև նրանց մեջ սերմանելու տեխնոլոգիական ձեռներեցության հմտություններ:
Ներկայում ԻՏՁՄ-ն ՀՀ (ներառյալ ԼՂՀ) դպրոցներում ու ուսումնական կենտրոններում հիմնել է շուրջ 130 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ, որտեղ էլ նախատեսվում է իրականացնել «ՀՀ զինված ուժերից զորացրվող զինծառայողների տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կրթության և զբաղվածության ապահովում» ծրագիրը:
Ծրագիրն իրականացվելու է դասընթացների միջոցով: Ծրագրի տևողությունը վեց ամիս է: Յուրաքանչյուր ուսումնական խմբում կարող է ընդգրկվել առավելագույնը 15 անձ: Դասընթացը հնարավորություն կտա խմբում ընդգրկված անձանց տիրապետելու ծրագրավորման հիմնական սկզբունքներին՝ սկսած նախնական համակարգչային ծրագրավորման լեզվից (Scratch) մինչև բարձր մակարդակի ծրագրավորման լեզու (JavaScript), ինչպես նաև սովորել ռոբոտաշինության սկզբունքները: Վերը նշված լաբորատորիաներում առկա են եռաչափ տպիչ, շաղափային հաստոց, ռոբոտի հավաքածու և համակարգիչներ: Նախատեսվում է, որ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Երևանում առաջին դասընթացը կանցկացվի հուլիսի 15-ին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով և զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կոմիսարիատ և հաշվառվել: Հաշվառվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոնում գործազուրկի կամ աշխատանք փնտրողի կարգավիճակ ստանալու համար: Հաշվառվելիս անձը պետք է ցանկություն հայտնի ծրագրավորողի մասնագիտություն ձեռք բերելու համար: Կապ հաստատել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) սույն ծրագիրը համակարգողի հետ՝զանգահարելով +374-11-54-88-81 (ներքին՝ 12) հեռախոսահամարով:
Ծրագրին իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Զինվորական կոմիսարիատը: