«Սերժ Սարգսյանը հասկացնում է, որ ընտրություն չի լինելու». Վիգեն Խաչատրյան

«Տխուր է շատ, որովհետև քաղաքական համակարգն ամբողջությամբ մենաշնորհված է, այսինքն՝ քաղաքական մտքերի իրական մրցակցություն չկա, դա նշանակում է, որ մենաշնորհային իրավիճակ է տիրում տնտեսությունում, դա որպես կանոն՝ բերում է լճացման, իսկ մտքերի և տնտեսական մրցակցության բացակայությունը բերում է տնտեսական անարդյունավետության, արդյունքում՝ կյանքն է վատանում, մարդիկ անպաշտպան են զգում իրենց ցանկացած ոլորտում՝ թե´ հասարակական, թե´ քաղաքական, թե´ տնտեսական: Այս պայմաններում զարգացում, որպես այդպիսին, տեղի չի ունենում, կյանքը վատանում է, մարդիկ հիասթափվում են, ապագայի նկատմամբ որևէ լավատեսություն չի առաջանում: Ինչպես կասեր պետության ղեկավարը՝ գաղջ մթնոլորտը շարունակում է տիրել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ Սահմանադրության օրվա լույսի ներքո խոսելով ներկայիս քաղաքական իրավիճակի մասին:

Ըստ նրա՝ եթե Սահմանադրությունը մշակելիս դրա հեղինակները նպատակ ունենան ձևավորել այնպիսի մի համակարգ, որը կապահովի մարդկանց իրավունքները բոլոր ոլորտներում, մարդիկ այդ Սահմանադրությունը կընդունեն՝ որպես իրենց կարևոր Մայր օրենք, կոգևորվեն, կպաշտպանեն, բայց եթե Սահմանադրությունը մշակվում է՝ ելակետ ընդունելով, թե ինչպես անել, որ մնալ իշխանության, այդպիսի Սահմանադրությունը մարդկանց համար հետաքրքիր չի, և պարզ է, որ տոնի չի վերածվում Սահմանադրության ընդունումը կամ հաստատումը կամ խմբագրումը. «Սահմանադրությունը հիմնականում մշակվում է տվյալ քաղաքական ուժի կողմից, դժբախտաբար, իշխանության մնալու համար, սեփական իշխանության պահպանելը դիտվում է գերնպատակ, մնացյալն ածանցյալ է: Դա լավ չի»:

Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Հանրապետական կուսակցության պարտության դեպքում ինքը քաղաքականության մեջ անելիք այլևս չի ունենա, ապա բացառելը դրա հնարավորությունը, Վ. Խաչատրյանի կարծիքով, արդեն իսկ վկայում է, որ իրենք համոզված են, որ ընտրություն չի լինելու, որովհետև, եթե ընտրություն եղավ, ակնհայտ է, որ նման արդյունքներով որևէ քաղաքական ուժ չի մնա իշխանության, հետևաբար՝ իրենք հասկացնում են, որ ընտրություն չի լինելու:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ականներից շատերն ընդունում են, որ քաղաքացիներն ընտրում են իրենց՝ վարչական ռեսուրսի ազդեցությամբ, քաղաքական այլ ուժեր էլ կարծում են, որ, քանի դեռ վարչական ռեսուրսի մեծ մասը ՀՀԿ-ի ձեռքին է, նրանց վերընտրությունը երաշխավորված է, Վ.Խաչատրյանը պատասխանեց. «Եթե խոսքը գնում է նրա մասին, որ մարդիկ պարտադրված իրենց են ընտրում, ես կարծում եմ, որ այդ քանակի պարտադրված շերտ չկա, որ ապահովի ընտրության հաղթանակը: Այդ շերտն այդքան լայն չի: Նրանք կեղծիքների հաշվին են վերարտադրվում: Եվ պարտադրելն էլ է կեղծիքի ձև»:

Կարդացեք նաև

Թե ինչպե՞ս պետք է փոխվի իրավիճակը, Վ. Խաչատրյանի կարծիքով, դա տեղի կունենա հասարակության փոփոխության արդյունքում, իսկ հասարակությունը դանդաղ է փոխվում. «Անհանդուրժողականությունը միայն կարող է բերել նոր արդյունքի: Հասարակության մեջ փոփոխություն տեղի է ունենում, բայց անհրաժեշտ քանակական որակը դեռ չի ստացել, որ արդյունքի հանգեցնի: Վստահ եմ, որ այդ փոփոխությունը մի օր տեղի կունենա, ես դժվար տեսնեմ, բայց մի օր կլինի»:

Տեսանյութեր

Լրահոս