Միքայել Մելքումյանի պատասխանը` թուրք և ադրբեջանցի պատվիրակներին
Հուլիսի 5-ին ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության անդամ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նա նշեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի պատասխանատուն Ալիևի իշխանությունն է, որն իրականացրեց անմարդկային և ֆաշիստական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, մասնավորապես Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ և մի շարք այլ բնակավայրերում:
Ազերիների կողմից հակամարդկային գործողություններ են իրականացվել մահացած մարդկանց դիակների նկատմամբ՝ կտրելով գլուխներ, մարմնի առանձին հատվածներ: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև ողջ մարդկանց նկատմամբ:
Չարձագանքել այդ փաստերին ուղղակի անհնար է: Միջազգային հանրությունը և կառույցները պետք է իմանան և հստակ գնահատական տան կատարվածին:
Մ. Մելքումյանի կարծիքով ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պետք է. առաջին՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ներդրվեն հրադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմներ և դրանից բխող պատասխանատվություն, երկրորդ՝ ԼՂՀ-ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Մ. Մելքումյանը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղն անպարտելի է:
Մելքումյանը հակադարձել է նաև թուրքական պատվիրակության անդամի՝ Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախօրեին հնչեցրած ապատեղեկատվությանը, նշելով, որ ցեղասպանությունը ապացույցների կարիք չունի, դա փաստ է, որը ճանաչել են աշխարհի բազմաթիվ երկրներ, որոնցից վերջին Գերմանիայի բունդեսթագի որոշումն էր:
Իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները, ըստ էության, չկարողացան պատասխանել Միքայել Մելքումյանի հարցադրումներին: