«Վրաստանն ունի զարգացման հստակ տեսլական, ինչն իսպառ բացակայում է Հայաստանի պարագայում». Մեսրոպ Առաքելյան
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի բաց նամակին՝ գրել է.
«Իվանիշվիլին իր բաց նամակում այսօր խոսել է վերջին 3 տարիներին Վրաստանում իրականացված բարեփոխումների մասին, որոնցից հիմնականներն են`
- Պետությունը 26.000 հոգու գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրել է անտոկոս ֆինանսական միջոցներ
- 1,6 մլն մարդ ունի բժշկական ապահովագրություն
- Օտարերկրյա ներդրումները վերջին 3 տարում նախորդ 3 տարվա համեմատ աճել են 62 տոկոսով
- Վերջին 3 տարում պետական պարտքի աճը 2.5 անգամ քիչ է եղել նախորդ 3 տարվա համեմատ
- 2016թ. 2012թ. համեմատ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն 25 տոկոսով աճելու է` գերազանցելով 10.000 ԱՄՆ դոլարը
- Տուրիզմից ստացվող տարեկան շահույթը կազմում է 1,5 մլրդ դոլար
- Վերջին 3 տարում նախորդ 3 տարվա համեմատ շինարարությունն աճել է 56 տոկոսով
- Վերջին 3 տարում էներգետիկ ոլորտում կատարվել է 2,5 մլրդ դոլարի ներդրում
- Հիմնադրվել է տեխնոլոգիական համալսարանը` եզակիներից մեկն աշխարհում
- Վերջին տարիներին տնտեսական աճով 1-ինն է Հարավային Կովկասում
Ու էլի լիքը բարեփոխումներ, ձեռքբերումներ…
Նամակում նաև անդրադարձել է պետության, ազգի նպատակներին, ուր են գնում, ինչ են ուզում, ինչ նպատակներ են ամրագրում: Որպես ուղենիշ՝ ամրագրել են 2030թ.: Հիմնական շեշտը դրվում է տնտեսության զարգացման վրա` նշելով, որ Վրաստանում առկա է ժողովրդավարություն, բայց դեռևս չկա այդ ժողովրդավարությանը համապատասխան տնտեսական զարգացածություն:
Հարավային Կովկասի հետ համեմատվելն արդեն անցյալում է, Վրաստանի ապագա տնտեսական մրցակիցները Մերձբալթյան երկրներն են, Արևմտյան Եվրոպայի որոշ երկրներ:
Հաշվի առնելով վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, կարելի է փաստել, որ Վրաստանն ունի զարգացման հստակ տեսլական, ինչն իսպառ բացակայում է Հայաստանի պարագայում: Ցավոք, մենք կորցնում ենք կարևորագույն արժեքը` ժամանակը, որը ետ բերելն անհնար է»: