«Ադրբեջանը ստիպված եղավ դադարեցնել պատերազմը». Ալի Հասանով
Ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի հասարակական-քաղաքական հարցերով խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, թե ապրիլի սկզբին ղարաբաղյան հակամրտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման գործում նշանակալի դերակատարում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Միաժամանակ նա նշել է, թե կրակի դադարեցման մասին կոչերով այդ օրերին Հայաստանին ու Ադրբեջանին դիմում էին միջազգային տարբեր կազմակերպություններ:
«Միջազգային իրավունքի նորմերը պահանջում են, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ստիպված եղավ դադարեցնել պատերազմը, և այդ գործում գլխավոր դերակատարում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ըստ «Ինտերֆաքսի»՝ հայտարարել է Հասանովը: