«Սա ֆռցնոցի է». Հրանտ Բագրատյանը՝ Ընտրական օրենսգրքի նախագծի ընդունման մասին
Ընտրական օրենսգիրքը, որն այսօր արտահերթ նիստով ընդունվեց երրորդ ընթերցմամբ՝ «հակասահմանադրական» է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Սահմանադրությունն ասում է, որ պետք է լինի կայուն մեծամասնություն: Ենթադրենք՝ կա A թիվը, որը կայուն մեծամասնություն է, կա նաև B թիվ, որն ընդդիմությունն է: Եթե A-ն կայուն է, ուրեմն B-ն էլ պետք է լինի կայուն: Սա Ընտրական օրենսգրքի ամենաֆունդամենտալ հարցերից է: Ասում ենք՝ եթե պետք է լինի կայուն փոքրամասնություն, ուրեմն՝ ասեք, թե դա որքան է: Իրենք ասում են՝ կայուն մեծամասնության մինիմալ թիվը ֆիքսենք, իսկ կայուն փոքրամասնության համար չֆիքսենք: Սա ֆռցնոցի է»,- հայտարարեց Հ. Բագրատյանը:
Խոսելով վարչապետի հայտարարած՝ կոռուպցիայի դեմ տարվող պայքարի մասին՝ Հ. Բագրատյանը նշեց, որ ինքը մեքենաների կրճատմանը լրջորեն չի վերաբերվում. «Մեքենա կրճատելը կոռուպցիայի հետ կապ չունի: Դա հետագա ծախսեր կրճատել է, որը հետագայում կարող է ավելի վատ անդրադառնալ: Այդ խնայված գումարը կարող է ավելի վատ ծախսվի: Այսօր դու 700 մարդու աշխատավարձ ես տալիս, ու նա գնում պոմիդոր է առնում, իսկ վաղը դու դա չես տալու: Մենք պետք է խոսենք երեք կարևոր բաների մասին՝ առաջինը պետք է վերացնենք մենաշնորհը ներմուծման, արտահանման ոլորտում ու հանել մաքսային հսկիչ գները: Եթե այս երեքից մեկը չենք անում, ապա կարող ենք մնացածն էլ չանել»:
Դիտարկմանը, թե ՊԵԿ-ի տեղակալն ասում է, որ, երբ պաշտոնյան հայտարարագրում է իր ունեցվածքը, դա ավելի թափանցիկ է, իսկ կոռուպցիա պետք է փնտրել այնտեղ, որտեղ 2 մլն-ից ավելի է, Հ. Բագրատյանն այսպես արձագանքեց. «Հայերեն մի լավ բառ կա՝ ցինիզմ»: