Բաժիններ՝

ՀՀ-ում իրականացվում են անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ

Ռազմական արդյունաբերություն Հայաստանը միշտ էլ ունեցել է, և թյուր է կարծիքը, թե ՀՀ-ում զենքի արտադրություն չի եղել, իսկ մեր երկիրն ի վիճակի չէ զենք արտադրել: Դրանք անհեթեթ պնդումներ են: Հրավիրված ասուլիսում այդ մասին նշեց ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ լրագրողի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ գիտության ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքը, թե թույլ տնտեսություն ունեցող երկիրը չի կարող ունենալ զարգացած ռազմարդյունաբերություն:

«Մեր երկրում միշտ էլ եղել է զենքի արտադրություն, հետխորհրդային շրջանում, ղարաբաղյան պատերազմից հետո մենք ունեցել ենք ձեռնարկություններ, որոնք արտադրել են զենք-զինամթերք: Ավելին, պաշտպանության նախարարությունում ունեցել և այսօր էլ ունենք ռազմարդյունաբերության վարչություն, այլ հարց է, որ ռազմական արդյունաբերության ոլորտը պետական կառավարման կառույց չի ունեցել, որը կկարողանար համակարգել այս բնագավառը: Բայց այդ խնդիրը նույնպես լուծվել է, քանի որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի կառավարության որոշմամբ ստեղծվել է ռազմական արդյունաբերության կոմիտե և շուտով կունենանք կոմիտեի նախագահ»,- ասաց Հարությունյանը՝ չցանկանալով դեռևս նշել, թե ով է նշանակվելու այդ պաշտոնում: Ըստ նրա՝ նախագահի անունը հայտնի կդառնա հունիսի 1-2-ին:

Գիտության պետական կոմիտեի նախագահը հիշեցրեց, որ ստեղծվել է նաև ՀՀ վարչապետին առընթեր ռազմարդյունաբերության խորհուրդ, դրան առընթեր ռազմատեխնիկական գիտական խորհուրդ, որի շրջանակում գործում են մեքենաշինության, քիմիա-կենսաբանության, ֆիզկատեխնիկական, ինովացիոն, տեղեկատվական անվտանգության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ենթահանձնաժողովները, որոնք զբաղվելու են սպառազինության ոլորտում գիտական մշակումներով:

«Բոլոր ծրագրերը, որոնք առնչվում են ռազմական տեխնիկայի ստեղծմանը, ռազմամթերքների արտադրությանը, պետք է անպայման անցնեն գիտական փորձաքննություն հանձնաժողովների միջոցով: Ռազմական արդյունաբերություն մենք միշտ էլ ունեցել ենք, որի նպատակն է եղել բավարարել հայկական բանակի կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծումը: Այս ոլորտում մենք պետք է ձգտենք լուրջ միջազգային համագործակցության և իրականացնենք հայկական զինատեսակների արտահանում: Այս ոլորտը պետության ուշադրության կենտրոնում է, և այն պնդումների հետ, թե Հայաստանն ի վիճակի չէ ունենալ ռազմական արդյունաբերություն, ես համաձայն չեմ»,- ընդգծեց Հարությունյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ԽՍՀՄ ռազմաարդյունաբերության զարգացմանը նպաստել են նաև հայ գիտնականները, որոնց մի մասն աշխատում է նաև այսօր: Հարությունյանի խոսքով՝ ծնվել է նոր սերունդ, որը ևս այս ոլորտում արդեն իսկ ունի որոշակի հաջողություններ, իրականացնվում են նույնիսկ արտասահմանյան պատվերներ: «Մենք ունենք բարձր որակի մասնագետներ, մեծ մասն ազգությամբ հայ, ովքեր ունեն տարբեր երկրներում ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատելու հսկայական փորձ: Նրանք մեր խորհրդատուներն են, որոնց ազգանունները չեմ ցանկանում նշել»,- ասաց ԳՊԿ նախագահը:

Միաժամանակ, Սամվել Հարությունյանը հաստատեց տեղեկությունները, որ ներկայում ՀՀ-ում իրականացվում են անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ: «Անօդաչու թռչող սարքերի փորձարկումներ արվում են, արվել են նաև մինչ ապրիլյան դեպքերը: Հայաստանն այն եզակի երկրներից է, որն արտադրում է անօդաչու թռչող սարքեր, որոնք բավականին բարձր որակի են: Հույս ունեմ, որ որակն էլ ավելի կբարձրանա: Այնպես որ, մեզ մի նայեք որպես երկրի, որին բոլոր գալու են հոշոտեն: Այդպես չէ»,- ընդգծեց Գիտության պետական կոմիտեի նախագահը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս