Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրալիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ավստրալիայի Միության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Փիթեր Թեշը (նստավայրը՝ Մոսկվա):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նա մեր երկրում իր դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում ջանք չի խնայի հետևողականորեն զարգացնելու Հայաստանի և Ավստրալիայի միջև բարեկամական հարաբերությունները: Հաջողություններ մաղթելով դեսպան Թեշին՝ Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանի պետական ատյանները համակողմանի աջակցություն կցուցաբերեն հայ-ավստրալիական կապերի ամրապնդմանն ուղղված դեսպանի գործունեությանը:

Հայ-ավստրալիական հարաբերություններին նոր որակ և բովանդակություն հաղորդելու նպատակով երկուստեք կարևորվել են բարձրաստիճան փոխայցելությունները, տարբեր մակարդակներով կանոնավոր շփումները, այդ թվում՝ միջխորհրդարանական ձևաչափով, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ ու սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական հարաբերությունների զարգացումը:

Դեսպան Փիթեր Թեշը դրվատանքով է խոսել Ավստրալիայի մեծաթիվ հայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ հայերն իր երկրում լավագույնս ինտեգրվել են հասարակական-քաղաքական կյանքում և իրենց նպաստն են բերում տարբեր ոլորտների զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով հայ-ավստրալիական բարեկամության ամրապնդմանը:

Տեսանյութեր

Լրահոս